211652_close_icon
views-count1893 դիտում article-date 09:09 26-11-2018

Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը. այն կտևի 12 օր

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օրն է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները: Նշենք, որ արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։ Սա կլինի Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունը Հայաստանում։2018 թվականի նոյեմբերի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2,574,916 քաղաքացի: Նկատենք, որ իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է: Նշենք նաև, որ ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր: Մանդատները բախշվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար):

Նմանատիպ նյութեր