211652_close_icon
views-count1894 դիտում article-date 16:43 13-12-2018

Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը

Կառավարության նիստում այսօր հաստատվեց հանրակրթական դպրոցների վերնորոգման և նորերի կառուցման ծրագիրը։ Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց: Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության նիստում Տարածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։ Պապիկյանը տեղեկացրեց, որ ներկայում շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում՝ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից` 5 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում (Երևանի թիվ 6, 18 և 51 դպրոցներ, Հերացու անվան ավագ դպրոց, Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր): «Սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը խնդրում եմ հաստատել և ապահովել կա՛մ վերակառուցումը, կա՛մ ամբողջությամբ կառուցումը»,- ասաց Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր