1351 դիտում
13:48 16-12-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին:
Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում կան շատ անելիքներ և այդ իմաստով մեծ պատասխանատվություն է դրված նորընտիր Ազգային ժողովի ուսերին:
Տիար Մարուքյանը այս առաքելության համար կարևորեց Հայոց Հայրապետի օրհնությունը` ընդգծելով, որ խմբակցության գործունեության մեջ նաև կարևոր տեղ պետք է հատկացվի ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս գտնվող հարուստ քրիստոնեական ժառանգության պահպանության խնդիրներին:
Այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներին ողջունեց և իր բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը շնորհավորեց խորհրդարանականներին ձեռք բերած վստահության քվեի համար, որը հնարավորություն է ընծայելու նրանց օրենսդրական գործունեությամբ իրականացնել իրենց բոլոր ծրագրերը, ամուր հիմերի վրա հաստատել հայոց պետականությունը, նպաստել հզոր և ապահով հայրենիքի կերտմանը:
Երկրի առջև ծառացած մարտահրավերների, դժվարությունների և խնդիրների հաղթահարման գործում, որոշումների կայացման մեջ իբրև զորության և ներշնչման ոգու աղբյուր Հայոց Հայրապետը նկատեց անցյալի հետ հաղորդակցությունը, կարևորեց ազգային ժառանգության ճանաչողությունը և կապը պատմության հետ:
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ օրինաստեղծ գործունեությունը կխարսխվի այն ավանդների և արժեհամակարգի վրա, որոնք դարեր շարունակ ուժ են տվել մեր ժողովրդին` հաղթանակելու, դիմագրավելու դարերի փորձությունները և վերապրելու պատմության բոլոր օրհասական պահերը:
Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական կյանքի մարտահրավերներին, հոգևոր ժառանգության պահպանության խնդիրներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին: Վերջինիս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր շարունակելու է սատարել հայրենի պետությանը, որպեսզի հայոց ողջ ներուժի համախմբմամբ, սիրո և միաբանության մեջ, նվիրյալ և ազգաշեն ծառայությամբ կյանքի կոչվի աշխարհասփյուռ մեր ժողովրդի` լուսավոր Հայրենիք ունենալու տեսլականը:
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
15:15 19-07-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց լեզվի վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին
1739 դիտում
19:32 07-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին
Այս բաժնից
391 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է