211652_close_icon
views-count8684 դիտում article-date 09:37 22-12-2018

Տնտեսական հեղափոխությո՞ւն. ինչու է Ծառուկյանը նվազեցրել ցեմենտի գինը «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»: «168.am»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ցեմենտի գինը նվազել է մրցակցության արդյունքում. «Միայն խոսելով չէ, պետք է սպասել, տեսնել՝ արդյունքում ինչ կլինի։ Շինարարություն անել ցանկացողները մինչ այժմ ցեմենտի պատճառով չէ, որ չէին անում։ Այնպես որ, ցեմենտն այդ մուլտիպլիկատիվ ազդեցության մեջ մեծ դեր չի կարող ունենալ։ Իհարկե, շատ լավ է, որ էժանանում է, խնդիր չկա, բայց բոլոր դեպքերում համաձայն եմ այն կարծիքների հետ, որ դա մրցակցության հետևանք է։ Իսկ տնտեսական հեղափոխությունը չարաշահել պետք չէ, որովհետև նախ պետք է պարզաբանենք՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, իսկ հետո կարող ենք գնահատականներ տալ, եթե դրան ուղղված քայլեր արվեն։ Ես այսօր այդ քայլերը չեմ տեսնում, բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որն ավելի շատ քաղաքական է, բայց որի ազդեցությունը տնտեսության վրա էական է»։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում դրական գնահատեց ցեմենտի գնի նվազումը։ Ըստ նրա՝ կարևոր քայլ է արվել։ Նախկին նախարարի խոսքով՝ ցեմենտի էժանացումը լավ քայլ է նաև այն առումով, որ այն համակարգաստեղծ ապրանք է. «Ցեմենտը շինարարություն է, շինարարությունը նոր տնտեսական աճ է ապահովում, այսինքն՝ սա այդ տեսակետից լավ ոլորտ է։ Այո, ես համակարծիք եմ, որ, եթե հեղափոխության այլ ձևակերպումներ չկան, իսկ այս պահին դեռևս այլ ձևակերպումներ չկան, այսպիսի քայլերը կարելի է համարել տնտեսական հեղափոխության առաջին քայլ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր