211652_close_icon
views-count1264 դիտում article-date 17:43 25-12-2018

Դատարանների անկախությունն առաջին հերթին անհրաժեշտ է հանրությանը. Բարձրագույն դատական խորհրդ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին: Պարոն Դանիելյանը պարզաբանեց, որ այդ և նմանաբնույթ հարցադրումների առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդում ձևավորված է որոշակի դիրքորոշում, ինչն արտացոլվել է նաև նախորդ հրապարակումներում: Արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այդ թվում՝ առանձին դատական ակտերի առնչությամբ բուռն արձագանքը բնորոշ է նաև ժողովրդավարության կայուն համակարգ ունեցող երկրներին: Պարզապես հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեությանը հատուկ որոշ միջոցներ դատական իշխանության նկատմամբ առնվազն անընդունելի են: Յուրաքանչյուր ոք կարող է ազատ կարծիք հայտնել դատական ակտի իրավաչափության վերաբերյալ, սահմանված կարգով հանդես գալ իր պատկերացմամբ վիճարկելի դատական ակտ կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդմամբ, սակայն ոչ ոք իրավասու չէ պարզաբանումներ պահանջելու դատավորից, ոչ ոք իրավասու չէ հանրահավաքների կամ քաղաքացիական հասարակության գործունեության այլ միջոցներով ճնշումներ գործադրել դատարանների նկատմամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ վերադաս դատական ատյանի կողմից միանգամայն օրինական հիմքերով նշված դատական ակտի բեկանման դեպքում անգամ, միևնույն է, միջազգային իրավական չափանիշներով նշված դատական ակտի օրինականությունը կարող է խոցելի դառնալ: Ինչևէ, այս գործով բուն դատաքննությունը դեռ առջևում է, ուստի պետք չէ ստվերել դրա օրինականությունը: Անհրաժեշտ է նկատել նաև, որ իր հասցեին հնչած բազում քննադատությունների և գնահատականների առնչությամբ դատավորի լռությունը միանգամայն իրավաչափ է և ողջամիտ: Դատավորը գործում է «դատական ինքնատիրապետման» սկզբունքով, որի համաձայն նա իրավասու չէ արձագանքել նույն եղանակով և ձևաչափով: Այս սկզբունքը ամրագրված է, մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով: Հետևաբար, դատավորը ոչ թե խույս է տալիս իրեն ուղղված քննադատություններին արձագանքելուց, այլ գործում է հիշյալ սկզբունքի հենքով: Զուտ զգացմունքային տեսանկյունից դա գրեթե անըմբռնելի կեցվածք է, սակայն դատական իշխանության պարագայում՝ անհրաժեշտ նախապայման: Որպես դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև որևէ այլ պաշտոնատար անձ իրավասու չէ գնահատելու դատական ակտը, ընդ որում, նշանակություն չունի այն, թե այդ ակտին ինչ չափով են ծանոթացել: Ցանկացած նախնական կարծիք կամ գնահատական առնվազն կորակվի վարքագծի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավասու է պաշտոնապես տեսակետ հնչեցնել միայն կոնկրետ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով: Դատախազության մասով իրավիճակն այլ է. վերջինս իրավասու է բողոքարկելու դատական ակտը և կարող է իրեն թույլ տալ նախապես գնահատական հնչեցնելը: Ինչ վերաբերում է այն նկատառմանը, թե այդ հայտարարությունը հնչեց որոշումը կայացնելուց անմիջապես հետո, ապա չպետք է անտեսել, որ դատախազությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնող եզակի մարմինն է, ուստի տիրապետում է սպառիչ տեղեկատվության և կարող է ունենալ սեփական դիրքորոշում: Ինչպես հայտնի է, այս օրերին ցուցարարները հնչեցնում էին կոնկրետ այդպիսի որոշում կայացրած դատավորից հրապարակայնորեն պարզաբանում պահանջելու, նրան պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարին դիմելու կոչեր: Այս առնչությամբ, նախ, հարկ է նկատել, որ դատավորի անկախությունը վերացական արտահայտություն չէ, մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն. «... դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»: Բարձրագույն դատական խորհուրդը ելակետ է ընդունում այն ակնհայտ իրողությունը, որ անկախ դատարան ունենալն առաջին հերթին անհրաժեշտ է հենց հասարակությանը, դրանում հենց ժողովուրդը պետք է շահագրգռված լինի, դա բխում է իր շահերից, դատարանի անկախությունը ցանկացած եղանակով սասանելը ձևավորում է անընդունելի նախադեպ, որի խիստ բացասական հետևանքների մասին մենք բոլորս ենք այժմ բարձրաձայնում: Դատարանների անկախությունը երաշխիք է ոչ միայն և ոչ այնքան դատավորների, որքան հենց հանրության համար, քանզի միայն անկախ դատական համակարգն է ի զորու լիարժեք կյանքի կոչելու իրական արդարադատություն և այդպիսով ծառայելու ժողովրդին ու երկրին: Ասվածը բնավ չի բացառում դատարանների հաշվետվողականությունն օրենքի առջև: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում չի բացառվում նաև օրինազանց դատավորներին պատասխանատվության ենթարկելը, պարզապես այդ գործընթացները խիստ իրավական են և կարող են կյանքի կոչվել միայն Սահմանադրությանը համահունչ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել դատավորի պատասխանատվությանը, իսկ դատական ակտերի իրավաչափությունը ստուգվում է բողոքարկման ընթացակարգերով: Կարծում ենք նաև, որ իրավական պետությանն անհարիր է դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները: Դա ոտնձգություն է մեր իսկ պետա¬կանության հանդեպ, որի անունից դատավորն իրավական ակտ է կայացնում: Եթե ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, ուրեմն յուրաքանչյուր անհատի սո¬ցիա¬լա¬կան վարքագծի հիմքում նույնպես պետք է ընկած լինի իրավունքի գերակայությունը: [b] ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր