211652_close_icon
views-count2078 դիտում article-date 16:54 09-01-2019

Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով. Ա. Աշոտյան

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով: Նիկոլական զլմ-ները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է: 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը: Առանց այդ էլ զգալի ուշացումով, սիրողականությամբ և դանդաղկոտությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անցյալ տարի ևս չկարողացավ հաստատել այդ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչը իրենց իսկ օրոք նախատեսված էր իրականացնել անցյալ տարի դեկտեմբերին կառավարության որոշման տեսքով: ԵՄ-ում ունեցած իմ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել: Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին: Ի դեպ այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ: Չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր