211652_close_icon
views-count2569 դիտում article-date 12:06 15-01-2019

Տնտեսական փոփոխություները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների արդյունքը տեսանելի կլինի այն ժամանակ, երբ կարձանագրվի քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և դա կկիրառվի տնտեսության մեջ: ՀՀ վարչապետը կարևորում է նաև քաղաքացիների մասնակցությունը երկրում տնտեսական փոփոխությունների գործընթացին: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ: «Տնտեսության փոփոխությունները պետք է տեղի ունենան բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ իր տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու: Այդ պայմաններում նրա կյանքը չի փոխվելու, կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը: Մենք Գյումրիից վեր կացանք, քայլելով եկանք Երևան: Երբ մարդիկ որոշեցին, որ իրենց քայլն են անում, տեղի ունեցավ փոփոխությունը: Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգի: Եթե քաղաքացիները մեզ հետ քայլեն, ապա այդ ժամանակ էլ արդյունքը կերևա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօր սոցիալական նպաստներ ստացողներ կան, ովքեր ամիսը 1 մլն դրամի, 800 հազար դրամի վարկ են փակում: Այս իրականությունը պետք է փոխել: Նա ներկայացրեց մի օրինակ, երբ խանութում կոնյակ է գնել և ՀԴՄ կտրոն իրեն չեն տվել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա խոսում է այն մասին, որ այդ մարդու կյանքում բան չի փոխվել: «Մինչև վերջ կանգնել եմ, որ կտրոնը տան: Իրենց թվում է, որ պետք է շարունակեն հարկ չվճարել, բայց ասել, որ ճանապարհները լավը չեն, աշխատավարձները բարձր չեն: Մենք ասում ենք հետևյալը, մենք չենք ուտում ձեր հարկերը, բայց դուք պետք է դրանք վճարեք: Այո, հարկ չվճարողը նույնն է, ինչ կոռումպացված պաշտոնյան: Կան մարդիկ ասում են՝ վայ էնքան խեղճ ենք, ՀԴՄ կտրոնը չենք կարող տալ… դրա համար մենք անում ենք փոփոխություն, մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցողը կազատվի հարկերից: Միգուցե տեղին չհնչի, բայց այդ ՀԴՄ դիկտատուրան պետք է հաստատվի»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այստեղ թացը չորից տարբերելու խնդիր կա: Բիզնեսին հարկային օրենսդրությունը շրջանցելու հնարավորություն չտալու համար, անհրաժեշտ է, որ բոլոր գործարքները ՀԴՄ-ով երևա, որպեսզի իրական շրջանառությունը պարզ լինի, այդ պարագայում իսկապես 24 մլն շրջանառություն ունեցողները ազատվեն հարկից: Նա ընդգծեց, որ այդ դրույթը իմաստ կունենա, եթե բացառվեն ՀԴՄ չխփելու դեպքերը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը կարևորեց քաղաքացու դերը, ով հետևողական կլինի և կանի իր բաժին փոփոխությունը:

Նմանատիպ նյութեր