3553 դիտում
15:14 19-01-2019
Հասնել Ադրբեջանի հանցագործ քայլերի իրավական գնահատականին. փորձագետներն անդրադարձել են Բաքվի ջարդերին
1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերն իրականացվել են Ադրբեջանի և Խորհրդային միության ղեկավարների կողմից: Բաքվի հայկական ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Բաքվի հայկական ջարդերը 1988 թվականի Սումգայիթում սկսած ջարդերի շարունակությունն էր։ Ցավոք, իրողությունն այդ օրերին այնպիսի էր, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր էր վերահսկել, ամբողջական տեղեկատվություն ստանալ մեր հայրենակիցների ճակատագրերի մասին: Ամեն դեպքում 30 տարի անց դեռ շարունակվում են նոր վկայություններ, նոր փաստեր ի հայտ գալ, որոնք վերահաստատում են Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը», - «[url=https://armenpress.am/arm/news/961373.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք Շահնազարյանը նշեց, որ այսօր խոսվում է հասարակություններին խաղաղության պատրաստելու մասին, սակայն անդրադարձ չի կատարվում երկու երկրների միջև կուտակված պատմական բեռին, և դրա առաջացման պատճառներին: Քաղաքագետի կարծիքով պետք է ակտիվ լինել քարոզչական դաշտում և հասնել Ադրբեջանի հանցագործ գործողությունների իրավական գնահատականին:
«Միջազգային հանրությանը ձեռնտու է աչք փակել: Ադրբեջանն էլ, աչք փակելուց բացի, ակտիվորեն խեղաթյուրում է իրողությունները: Նրանք պատրաստ են կատարվածի համար մեղադրել նույնիսկ այլմոլորակայիններին, հորինվում են կեղծ պատմություններ»,-ասաց նա:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, Ադրբեջանի իշխանությունների կողմից հունվարի 13-ը պատահական չէր ընտրված: Հայտնի էր, որ Բաքվի հայերը մեծ շուքով էին նշում հին Նոր տարին: Եվ ահա այդ օրը ջարդերը սկսելով, ըստ Լարիսա Ալավերդյանի, իշխանությունները վստահ էին, որ դիմադրություն չի լինելու:
«Ամեն ինչ հաշվարկված էր, թե օրով, թե ժամերով: Այդ սահմռկեցուցիչ գործողությունների մասին վկայող բազամաթիվ վկայություններ ու փաստաթղթեր կան: Ցավում եմ, որ նորանկախ Հայաստանում չի ընդունվել որևէ բանաձև, հայտարարություն՝ Ադրբեջանի գործողությունները որակելով ցեղասպանություն: Մենք պետք է շարունակենք ներկայացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները տարբեր տարիներին տարբեր դրսևորումներով շարունակում են ի հայտ գալ՝ սումգայիթյան դեպքերից սկսած, մինչև 2016 թվականի ապրիլյան դեպքեր և այլն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշեց, որ վերջին տասը տարիներին հրատարակվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր, աշխատանք է տարվել այն մարդկանց հետ, ովքեր անցել են այդ վայրագությունների միջով:
«Հայթայթել ենք արխիվային փաստաթղթեր, տեսանյութեր, գտել ենք մարդկանց, ովքեր այդ ամենի միջով անցել են և ստեղծվել է շատ մեծ, հարուստ արխիվ: Հայերի նկատմամբ հանցագործությունն իրականացվել է 3 մակարդակով՝ Սովետական Ադրբեջանի իշխանություն, ընդդիմությունն՝ ի դեմս «Ազգային ճակատ»-ի, և կենտրոնական իշխանությունը՝ Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ: Զորքերը մեկ շաբաթ ուշացան և այդ ընթացքում հասցվեց քաղաքը մաքրել հայերից»,-ասաց Մարինա Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականություն շարունակվել է Բաքվի ջարդերին հաջորդող տարիներին և առանց Ադրբեջանի ապաշխարանքի խոսք չի կարող լինել համերաշխության, ժողովուրդների խաղաղության մասին:
Միջազգայնագետ Միհրան Հակոբյանը նշեց, որ Բաքուն ամեն ինչ անում է, որ մոռացության մատնվեն հայերի նկատմամբ իրականցված այդ սարսափելի իրադարձությունները: Նրա խոսքով՝ մենք իրավունք չունենք զիջելու կամ պարտվելու տեղեկատվական դաշտում:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում պատերազմ է մղում, հետևաբար այս հարթակում նույնպես մենք պետք է հաղթենք: Մենք մտնում ենք վտանգավոր շրջափուլ, մինչև ատամները զինված ագրեսիվ մեր հարևանը տարիների քարոզչական աշխատանքներով փորձում է միջազգային հանրությանը հրամցնել այն տեսակետը, թե ղարաբաղյան հարցը զուտ տարածքային խնդիր է Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասաց Միհրան Հակոբյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/961373.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4695 դիտում
23:41 13-01-2020
Ներխուժում էին մարդկանց տներ, տանջամահ անում, սպանում. gazeta.ru-ն անդրադարձել է Բաքվի ջարդերին
1557 դիտում
09:52 22-03-2021
Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունը չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին. ԱՀ ԱԳՆ
1709 դիտում
10:52 22-03-2021
Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունը չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին. ԱՀ ԱԳՆ
Այս բաժնից
646 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ