211652_close_icon
views-count3397 դիտում article-date 19:48 08-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Խորհրդարանի ղեկավարը, փաստելով հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու պատմական խորը արմատները, ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան: Գիորգի Սագանելիձեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Վրաստանի խորհրդարանի ղեկավարի շնորհավորանքն ու բարեմաղթանքները` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունը, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ եւ վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում: Կողմերը երկուստեք անհրաժեշտ են համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի մակարդակում, այլեւ միջազգային խորհրդարանական կառույցներում: Զրուցակիցները, անդրադառնալով հայ-վրացական կապերի առավել խորացմանն ու սերտացմանը, վստահություն են հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններով պայմանավորված` խորհրդարանական երկխոսությունն ամուր հիմք կլինի համագործակցության առավել ամրապնդման համար:

Նմանատիպ նյութեր