211652_close_icon
views-count1147 դիտում article-date 17:01 09-02-2019

Լիբանանում հայտնի մանկական ուռուցքաբան Ռայա Սաաբն արժանացել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐԱԺ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 9-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ: Այս անգամ այն նշանավորվեց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի մեկնարկով, որին մասնակցում են աշխարհի բժշկական կենտրոնների մանկական ուռուցքաբանության ոլորտում ճանչված հեղինակավոր բժիշկներ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ Հայաստանը, ինչպես աշխարհում շատ երկրներ, նույնպես զերծ չի մնում մանկական ուռուցքային հիվանդություններից: «Այսօր գիտաժողովի հիմնական թեման մանկական ուռուցքաբանությանը վերաբերող խնդիրներն են՝ սնուցումը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան, վիրաբուժությունը, համալիր բուժման եղանակները, որոնք լայն կիրառում ունեն աշխարհում»,- ասաց Արմեն Մուրադյանը: ԵՊԲՀ ռեկտորն անդրադառնալով Հայաստանում հիվանդության տարածվածությանը՝ նշեց, որ մեր երկիրը վերջին տարիներին լրջագույն հաջողություններ է արձանագրել: «Մանկական մահացություն բառակապակցությունն ինքնին դժվար արտաբերվող է: Մանկական քաղցկեղ ախտորոշումը դեռևս մնում է ամենածանր խնդիրներից մեկը: Եթե 15 տարի առաջ մանկական քաղցկեղից մահացությունը կազմում էր 50-60 տոկոս, այսօր մենք հնարավորություն ունենք ապահովել մինչև 80 տոկոս ապրելիություն»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ գիտաժողովը պարտավորեցնող է, քանի որ Երևանը՝ մասնավորապես ԵՊԲՀ-ն, ընտրվել է որպես հարթակ, որտեղ համաքվել են մանկական ուռուցքաբանության ոլորտում մեծ ներդրում ունեցող մասնագետներ, ովքեր կիսվում են իրենց փորձով: Մինչ գիտաժողովի մեկնարկը, Գիտական խորհրդի որոշմամբ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացավ Լիբանանում հայտնի մանկական ուռուցքաբան Ռայա Սաաբը: Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման գործում ներդրած ավանդի համար ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով պարգևատրվեցին բժիշկներ՝ Սիմա Ջեհան և Իբրահիմ Քադումին: Հիշեցնենք, որ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Այս օրերին Հայաստանում են շուրջ 40 երկներից 180-ից ավել առաջատար մասնագետներ: Նշենք, որ գիտաժողովն աշխատանքները կամփոփի փետրվարի 10-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր