211652_close_icon
views-count1760 դիտում article-date 16:34 26-02-2019

Եթերում տեղական արտադրանքի անհրաժեշտ ծավալը հեռուստաընկերությունների զգալի մասը չի ապահովում. ՀՌԱՀ-ը հանդես է գալիս առաջարկությամբ

Հայաստանում գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որից 120-ը լիցենզավորված է, 8-ը՝ ոչ: Նշված 120-ից 102-ը հեռուստաընկերություններ են, 18-ը՝ ռադիոընկերություններ: Հեռուստաընկերություններից 35-ը եթերային է, 67-ը՝ կաբելային: «[url=https://armenpress.am/arm/news/965597.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ կաբելայինների մի մասը գործում է Երևանում, մյուս մասը՝ մարզերում: Կան կաբելային հեռուստաընկերություններ, որոնք ունեն հանրապետական ծածկույթ: «Մենք հետևում ենք հեռուստառադիոընկերություների եթերին, փորձում ենք պարզել, թե որքանով է պահպանվում լեզվի մասին օրենքը, որքանով չի խախտվում հեղինակային իրավունքը, հետևում ենք հայրենական արտադրանքի ծավալին և այլն: Ես այստեղ մի քանի խնդիրներ կառանձնացնեմ՝ կապված հայրենական արտադրանքի ծավալի, հանրօգուտ կոնտենտի արտադրության, մարզային հեռուստաընկերությունների խնդիրների հետ»,- ասաց Տիգրան Հակոբյանը: Նա նշեց, որ, ըստ օրենքի, հեռարձակողների եթերային բովանդակության առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրանք: Հայրենական արտադրանք համարվում է հաղորդումը, ֆիլմը, որն այստեղ է արտադրվել է կամ այլ երկրի արտադրանք է, սակայն այստեղ թարգմանությամբ է ներկայացվել: «Օրենքով սահմանված այդ 55 տոկոսը չի պահպանվում: Եթե խոշոր հեռուստաընկերությունները պահպանում են, ապա մի զգալի հատված չեն հետևում օրենքի պահանջին: Այդ տեսանկյունից մարզերում ողբալի վիճակ է: Հեռուստաընկերություններ կան, որոնց հայերեն լեզվով արտադրանք կազմում է 15-16 տոկոս: Բնակչությունը ստիպված է առավոտից երեկո ռուսերենով ֆիլմեր, հաղորդումներ նայել: Մարդիկ զրկված են հայերենով հաղորդումներ նայելուց»,-ասաց նա: Տիգրան Հակոբյանի խոսքով, անալոգային հեռարձակման տիրույթում խնդիրն ավելի սուր է դրված: Եղել է հեռուստաընկերություն, որը մեկ օրվա մեջ ընդհանուր ծավալում ունեցել է 1.1 տոկոս տեղական արտադրանք, այն էլ գովազդ էր: Նրա խոսքով, եթե խստորեն հետևեն օրենքին, ապա այդ հեռուստաընկերությունների մի մասը պարզապես կփակվի: «Մենք այսպիսի լուծում ենք առաջարկում: Քանի որ ունենք հարուստ հեռուստաընկերություններ, որոնք կրկնօրինակման ծավալուն աշխատանքներ են տանում և ունեն սեփական արտադրության կոնտենտ, ապա առաջարկում ենք այնպիսի պայմաններ ձևավորել, որ մարզային հեռուստաընկերությունները կարողանան օգտվել այդ արտադրանքից: Մասնավորապես, ստեղծել հայերեն լեզվով արտադրանքի շտեմարան: Այն կլինի ընդհանուր հարթակ, որտեղ կհավաքվի այդ հայկական արտադրանքը և մարզային հեռուստաընկերություններն ինչ-ինչ պայմանագրի շնորհիվ կկարողանան դրանից օգտվել»,-ասաց Տիգրան Հակոբյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965597.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր