211652_close_icon
views-count1688 դիտում article-date 20:19 11-03-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ

Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը: Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ համատեղ աշխատանքը շարունակելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության կողմից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ նման գործողությունները նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես միջազգային անվտանգության ապահովման կարևոր մասնակցի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ջեյմս Ապատուրայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր