211652_close_icon
views-count2313 դիտում article-date 16:26 16-03-2019

Արդյո՞ք նախագահի սահմանած ընթացակարգը նախատեսում է «բարձր բարոյական որակները» պատշաճ ստուգելու հնարավորություն. Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ դատավորի առաջադրման ընթացակարգի մասին

Նախապես նշել էի, որ մենք իրականացնում ենք Նախագահի կողմից ՍԴ դատավորի առաջադրման գործընթացի դիտարկում և պատրաստում ենք զեկույց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնին ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրելու ընթացակարգին: «Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն գործընկերներին, որոնք իմ խնդրանքով մեզ հետ կիսվեցին իրենց նկատառումներով և դիրքորոշումներով։ Դրանք անշուշտ հաշվի կառնենք զեկույցը մշակելիս։ Այժմ նորից խնդրում եմ հատկապես իրավաբանական և լրագրողական համայնքի ուշադրությունը՝ զեկույցի մշակման ընթացքում մի կարևոր խնդիր պարզաբանելու համար։ Խնդիրը վերաբերում է ՍԴ անդամի թեկնածուին ներկայացվող երկու գնահատողական-արժեքային պահանջներից մեկին՝ «բարձր բարոյական որակներին» (ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենք, 4-րդ հոդված)։ Նախ, հարց հիմնականում իրավաբաններին. արդյո՞ք նախագահի սահմանած ընթացակարգը նախատեսում է «բարձր բարոյական որակները» պատշաճ ստուգելու հնարավորություն։ Երկրորդ, հարց հիմնականում լրագրողներին. Ազգային ժողովում 2018թ. մայիսին քննարկվում էր նույն պաշտոնում Նախագահի ներկայացրած առաջին թեկնածուն (ներկայում հավակնորդ չէ)։ Այդ ժամանակ Վահե Գրիգորյանը ծավալուն, որակումներով լի և լայն տարածում ստացած հրապարակմամբ հորդորել էր Օրենսդրին չընտրել Նախագահի առաջադրած այդ թեկնածուին։ Նույն հրապարակմամբ Վահե Գրիգորյանը հայտարարել էր. «այս հրապարակմամբ ես ինքս ինձ համար այլևս ԷԹԻԿԱԿԱՆ ԱՐԳԵԼՔ եմ ստեղծում այս թափուր պաշտոնին հավակնելու համար»։ Հիմա հարցս. որքան հիշում եմ, երբ այս բարոյական հանձնառության հեղինակը 2018թ. հոկտեմբերին Նախագահի կողմից առաջադրվել էր նույն պաշտոնին, նա հրապարակավ որոշակի բացատրություններ էր ներկայացրել խնդրի շուրջ։ Հարգելի լրագրողներ, կարո՞ղ եք մեզ դրանց հղումները փոխանցել։ Եվ վերջապես՝ երրորդ։ Եթե առկա են երեք թեկնածուներից յուրաքանչյուրի «բարոյական որակները» գնահատելու համար պիտանի, բայց իհարկե հրապարակային, օրինական ու ստուգելի տեղեկություններ, խնդրում եմ դրանցով ևս կիսվել մեզ հետ»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր