211652_close_icon
views-count1459 դիտում article-date 10:15 20-03-2019

Հակառակորդին թերագնահատել պետք չէ. սաբոտաժի հնարավորությունները սպառված չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը: Նա նաև նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միևնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա: Այո, նախկին իշխանությունների և հասարակության միջև անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր: Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը և նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը: Ու որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միևնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել ևս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով: Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաև ուժային կարևոր կառույցներում: Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն: Հիմա Փաշինյանը որքան էլ ոգևորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միևնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր