211652_close_icon
views-count2294 դիտում article-date 22:46 21-03-2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց կարևոր առաքելության մեջ։ Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորեցին բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը: Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը և նորարարությանը: Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր