2907 դիտում
16:27 03-04-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր «Արևելագետները՝ Արևելագիտականում» դասախոսությունների շարքի շրջանակում հյուրընկալեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը դասախոսություն կարդաց «Հայաստանը և Մերձավորարևելյան պետությունները միջազգային կազմակերպություններում» թեմայով:
Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ արդեն ավանդական դարձած դասախոսությունների այս շարքը հիանալի հնարավորություն է սերունդների միջև շփման և փորձի փոխանակման:
Նա ներկայացրեց Արտակ Ապիտոնյանի կենսագրությունը՝ ընդգծելով դիվանագիտական ձեռքբերումները:
Արտակ Ապիտոնյանը ողջույնի խոսքում ասաց, որ պատասխանատվությունն ավելի շատ է հարազատ կրթօջախում: Ըստ նրա՝ արևելագիտությունն իր համար ոչ միայն գիտական ինստիտուտ է, այլև միջավայր, որտեղ ֆակուլտետի հիմնադիրների ջանքերով կոփվում է հայ մտավորական երիտասարդության աշխարհայացքը, ձևավորվում են միջանձնային հարաբերությունների մակարդակով կարևոր հատկանիշներ:
Հայաստանը, ինչպես նշեց բանախոսը, գտնվում է ոչ միայն միջմշակութային, այլև գաղափարների խաչմերուկում, և այս առումով շատ կարևոր է աշխարհայացքը, որի ձևավորմանը նպաստում է ֆակուլտետը:
Ներկայացնելով դասախոսության թեման՝ Արտակ Ապիտոնյանը պարզաբանեց, որ տվյալ պարագայում միջազգային կազմակերպություններ ասելով պետք է հասկանալ միջպետական մակարդակը:
«Անկախությունից հետո, երբ ՀՀ-ն ձևավորում էր իր արտաքին քաղաքականությունը, մոտեցումները հիմնված էին հավասարակշռման սկզբունքի վրա: Անվտանգության առումով մենք եղել ենք կոշտ անվտանգության կողմնակից և որդեգրել ենք զուսպ, հավասարակշռված մոտեցում»,- ասաց Արտակ Ապիտոնյանը:
Ըստ նրա՝ մարդու իրավունքների, հասարակության զարգացման մոդելի պարագայում մենք որդեգրել ենք առաջադեմ արժեքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն: Արտաքին հարաբերությունների մեջ դրանք նույնպես արտացոլված են:
Տնտեսական զարգացման առումով, ինչպես նշեց բանախոսը, Հայաստանը որդեգրել է հարավային մոտեցումը, որն ավելի մոտ է զարգացող երկրների և ՄԱԿ-ի մոտեցումներին:
Արտակ Ապիտոնյանը նշեց նաև, որ Մերձավորարևելյան երկրները շատ տարբեր են և տարբեր մոտեցումներ ունեն:
Միջազգային կազմակերպություններում Հայաստանի առաջին խնդիրը եղել է Իսլամական համագործակցության կազմակերպության (նախկինում՝ Իսլամական համաժողով կազմակերպություն) հետ: Այն շատ խորը հետք է թողել Հայաստանի և Մերձավորարևելյան երկրների հարաբերություններում: Այդ կազմակերպությունն է, որ առաջին անգամ ընդունել է Հայաստանին դեմ բանաձև 1993 թվականի ապրիլին Պակիստանում: Բանաձևն ընդունվել է Քարվաճառի ազատագրման գործողությունից հետո:
Արտակ Ապիտոնյանը պատմեց, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսը տարիներ շարունակ պայքարել և պայքարում է ԻՀԿ բանաձևերում փոփոխություններ մտցնելու և մեղմելու ուղղությամբ:
Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քվեարկության արդյունքներին՝ գրաֆիկի միջոցով ցույց տալով, որ տարիների ընթացքում կրճատվել է Ադրբեջանը պաշտպանող երկրների թիվը և աճել հարցը չեզոք գնահատողների թիվը:
Ուշագրավ էր Ցեղասպանության կանխարգելման օրակարգի բանաձևի համահեղինակների ցանկը, որտեղ 2015 թվականին կար անգամ Ջիբութին:
Անդրադառնալով մյուս միջազգային կազմակերպություններին՝ նա նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակում սիրիացիներին և իրաքցիներին Մատենադարանում ձեռագրագիտության ուղղությամբ վերապատրաստումները:
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Հայաստանի մասնակցությունը ևս մեծ ձեռքբերում է: Ֆորումի մյուս անդամներն են Հունաստանը, Չինաստանը, Բոլիվիան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իտալիան և Պերուն: Նշենք նաև, որ այլ երկրների անդամակցությունը հնարավոր է ֆորումի մասնակից երկրների կոնսենսուսի միջոցով միայն: Այս ֆորումը նպատակ ունի ստեղծել մասնակից երկրների միջև երկխոսություն և մշակութային համագործակցության հարթակ:
Ինչպես ներկայացրեց Արտակ Ապիտոնյանը, Հայաստանը նաև նախաձեռնող է ԵԱՏՄ-ի և ԻԻՀ, Եգիպտոսի Արաբական հանրապետության, Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման գործում:
Դասախոսությանը հետևեց հարցուպատասխանը, որի ընթացքում ներկաները հարցեր հնչեցրին դիվանագիտական աշխատանքի նրբությունների ու դժվարությունների վերաբերյալ: Շատ էին նաև նեղ մասնագիտական հարցերը:
Հանդիպման ավարտին պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, շնորհակալություն հայտնելով դասախոսության համար, շարունակեց ֆակուլտետային ավանդույթը՝ բանախոսին նվիրելով «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագիրքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
20:52 01-09-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել
2258 դիտում
20:23 28-11-2022
Իտալացի հրավիրյալ բանախոս Ջիովանի Ռովիելոն դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան