211652_close_icon
views-count1630 դիտում article-date 16:49 20-04-2019

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն՝ ծառայության պետի տեղակալների ,քրեակատարողական հիմնարկների պետերի, ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերի և քրեակատարողական հիմնարկների այլ բարձրաստիճան ծառայողների մասնակցությամբ: Օրակարգում ՀՀ կառավարության 18.04.2019թ. նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տիրող ապօրինությունների վերաբերյալ հնչեցված մտահոգությունների և տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու հարցերի քննարկումն էր: Մինչ խորհրդակցություն հրավիրելը, ծառայության պետի հանձնարարությամբ վարչապետի խոսքի տեսաձայնագրությունն ուղարկվել էր քրեակատարողական բոլոր հիմնարկներ և հանձնարարվել օպերատիվ խորհրդակցությանը ներկայանալ վարչապետի հանձնարարականների կատարման ուղղությամբ հստակ և առարկայական առաջարկություններով: Բացելով խորհրդակցությունը՝ ծառայության պետ Ա.Մխոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկրի ղեկավարի կողմից քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ հնչեցված մտահոգությունների վրա և հայտարարեց, որ օգտագործելու է քրեակատարողական ծառայության ողջ իրավա-կազմակերպչական գործիքակազմը՝ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ապօրինություններ թույլ տված բոլոր ծառայողներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Ա.Մխոյանը խայտառակություն որակեց բոլոր այն ծառայողների վարքագիծն ու գործելաոճը, որոնց անբարեխիղճ և անպատասխանատու վերաբերմունքի պատճառով ստվերվում է բարեխիղճ և ծառայությանը նվիրված քրեակատարողական ծառայողների անունն ու բարի համբավը: Ծառայությանը պետը հավաստիացրեց, որ վարչապետի կողմից հնչեցված հանձնարարականներն իրականացնելու է անհապաղ և անձամբ՝ բացառելու հասարակության մեջ արմատացած օրինապահ և բարեկիրթ քաղաքացու կերպարի նկատմամբ քրեակատարողական ծառայողների հոգեբանության և փիլիսոփայության անհամարժեք ցանկացած դրսևորում: ՀՀ վարչապետի կողմից հնչեցված մտահոգությունների և հանձնարարականների շրջանակներում ծառայության պետը հանձնարարեց սեղմ ժամկետներում ձևավորել օպերատիվ խմբեր և պատրաստ լինել օրվա ցանկացած ժամի անակնկալ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ՝ իրականացնելու իրավիճակից բխող ցանկացած գործողություն: Ծառայության պետը քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարեց նաև անձնական պատասխանատվությամբ հսկել անազատության մեջ պահվող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված չափաքանակներով սննդի տրամադրման և ճաշատեսակների բազմազանության ապահովման գործառույթները, արգելված իրերի ներթափանցման դեպքերն իսպառ բացառելու նպատակով անձամբ մասնակցել չնախատեսված խուզարկություններին և այլ ստուգողական գործողությունների, ընդլայնել դրանց իրականացման ժամանակահատվածն ու շրջանակը, բացառել առանց խուզարկելու հանձնուքներ ընդունելու կամ օրենսդրությամբ սահմանված շրջանակներից դուրս որևէ անձի ցանկացած դրսևորմամբ որևէ արտոնություն տրամադրելու դեպքերը և անձամբ հսկել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հիշյալ ոլորտների առնչությամբ տրված յուրաքանչյուր հանձնարարականի կատարման ընթացքը հսկելու են նաև ծառայության պետի կողմից ձևավորված արագ արձագանքման խմբերը: Ա.Մխոյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերահսկելիության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ մի շարք քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից հնչեցված երաշխավորություններին՝ շեշտելով, որ այսուհետ իր անմիջական ղեկավարությամբ և հսկողությամբ իրականացված միջոցառումների արդյունքների և տվյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների կողմից ներկայացված զեկույցների միջև ցանկացած առարկայական շեղումներ առիթ են հանդիսանալու անհապաղ ծառայողական քննությունների վարույթ հարուցելու, իսկ խախտումները թույլ տված ծառայողների արարքներում առերևույթ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակելու դեպքերում դրանք՝ ըստ ենթակայության ուղարկելու համար: Օպերատիվ խորհրդակցության ընթացքում Ա.Մխոյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների պատասխանատուների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալներին առողջական լուրջ խնդիրների բացակայության պայմաններում քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններ ուղեգրելու, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հնարավորությունները չօգտագործելու, քաղ.հիվանդանոցներում գտնվող անձանց բուժման ընթացքի վերաբերյալ ՔԿՀ-ների բժշկական սպասարկման բաժինների պետերի կողմից տեղեկություններ չունենալու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետերի կողմից բարձրացված խնդիրների նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու դեպքերին՝ արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ տալով համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր