211652_close_icon
views-count1892 դիտում article-date 09:29 16-05-2019

Հայաստան համահայկական հիմնադրամն ունի նոր ռազմավարություն․ «Ամերիկայի ձայն»

Նյու Յորքում Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ: Քննարկվեցին հիմնադրամի գործունեության, ռազմավարության և ծրագրերի մասին հարցեր։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4919144.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հայաստան համահայկական հիմնադրամը մոտակա տարիների համար մշակել է նոր ռազմավարություն, ասում է Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ում գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի ուղեկցությամբ օրերս գտնվում էր Նյու Յորքում տեղի հայ համայնքի հետ հանդիպելու համար: Անցած տարվա հոկտեմբերից հիմնադրամի ղեկավարումը ստանձնած Արշամյանը նշում է՝ մշակված նոր ռազմավարությունը ներառական է, կապահովի հիմնադրամի արդյունավետ և թափանցիկ գործունեությունը, այն հաշվի է առել բազմաթիվ քննարկումների ժամանակ բարձրաձայնած մտահոգություններն ու տարիների կուտակած փորձառությունը: «Ի վերջո հասկացանք, որ մեր հայ իրականության պարագայում ամենաճիշտը ցանցային աշխատանքային ոճն է: Շատ կարևոր է ապահովել հիմնադրամի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև շահառուների, աջակիցների ու դոնորների ներգրավվումը հիմնադրամի գործունեությանը»,- նշում է Արշամյանը: Նրա խոսքերով, հիմնադրամն ունի ինչպես հեռահար, այնպես էլ մոտակա նպատակներ: Նյու Յորքում հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձան մոտակա ծրագրերին, որոնցից առաջնայինը Գյումրիում երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին տներով ապահովելն է: Ըստ Արշամյանի՝ համահայկական մոբիլիզացիայի արդյունքում երկու-երեք տարվա ընթացքում հնարավոր է կարգավորել այս հարցը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքում են: «Դրա առաջին քայլը 40 բնակարաններով շենքի կառուցումն է, որի ուղղությամբ դրամահավաքը սկսվել է, Մեր Ֆրանսիայի գործընկերներն արդեն խոստացել են կես միլիոն եվրո այս ծրագրին»,- հայտնում է հիմնադրամի ղեկավարը: Արշամյանը կարևորում է Սփյուռքում համախմբվածությունը հիմնադրամի ծրագրերի շուրջ: Անհրաժեշտ են աշխատանքներ հենց Սփյուռքի համայնքներում՝ հիմնադրամի կարևորությունը մեծացնելու ու այն Սփյուռքում ավելի ճանաչելի դարձնելու համար: Այդ ճանապարհին օրինակ Միացյալ Նահանգներում կառույցը ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը: Մայրաքաղաք Վաշինգտոնը ներկայացնող հիմնադրամի ԱՄՆ-ի արևելյան ափի խորհրդի անդամ Լիլիթ Վարդանյանը կիսում է այս մոտեցման կարևորությունը: «Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստան հիմնադրամի գործունեությունն արևելյան ափի ամերիկահայ համայնքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, Ֆլորիդայում, Նյու Ջերսիում՝ որդեգրելով ավելի ընդգրկուն մոտեցում»,- նշում է Լիլիթ Վարդանյանը: Անդրադառնալով կառուցի զարգացման տեսլականին՝ հիմնադրամի ղեկավարն ընդգծում է՝ անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի տարիների կուտակած փորձառությունը: Արշամյանը կոչ է անում շեշտը դնել ոչ թե բարեգործական, այլ՝ հատկապես զարգացման ծրագրերի վրա: «Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է դառնա այն կառույցը, որի անունն արդեն կնշանակի վստահություն, թափանցիկություն, ներառականություն»,- կարծում է Արշամյանը: Կառույցի գործունեությունն ու հետագա ծրագրերը ներկայացնելուց հետո՝ հիմնադրամի պատվիրակությունը պատասխանեց Նյու Յորքի հայ համայնքին հուզող բազմաթիվ հարցերի:

Նմանատիպ նյութեր