ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեԼ է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այսպիսով, բեթշոփերի գործունեությունը կթույլատրվի միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում:
Նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նպատակը սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:
Օրենքն ամբողջությամբ ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում: