«Զենիթի» ստադիոնի տանիքը թռչուններից պաշտպանում են սատկող ջրագռավների ձայներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» մարզադաշտում՝ Կրեստովսկի կղզում գտնվող «Գազպրոմ Արենայում» սկսել է աշխատել թռչուններին վախեցնող համակարգ:
Կրակոցների և ճչացող թռչունների ձայնագրված աուդիոն պետք է ստադիոնը պաշտպանի որորներից և ջրագռավներից, որոնք կտցահարելով վնասում են տանիքի երեսապատումը:
Ստադիոնից հնչող տանջահար ճիչերը վախեցրել են ոչ միայն թռչուններին, այլ նաև հարակից թաղամասերի բնակիչներին:
«Ես մտածեցի, որ շուն են ճզմել: Այնքան աղիողորմ և անսովոր աղմուկ էր գալիս փողոցից: Երեխաները չեն կարողանում քնել, կամ էլ արթնանում են ու անընդհատ հարցնում, թե ինչ է պատահել թռչուններին: Իսկ Յախտեննի կամրջի վրա ընդհանրապես հնարավոր չէ կանգնել: Այնպիսի տպավորություն է, որ ստադիոնում ջրագռավներին մորթում են», ասել է տեղի բնակիչներից մեկը:
Ստադիոնի ղեկավարությունը օպերատիվորեն արձագանքել է քաղաքացիներին բողոքներին: Թռչուններին վախեցնող համակարգը, որը գործարկել են թեստային ռեժիմով, խոստացել են կարգավորել, որպեսզի այն չանհանգստացնի քաղաքացիներին:
«Այն գործարկել են հունիսի 29-ին, համակարգում գիշատիչ թռչունների ձայներն են: Այն աշխատել է թեստային ռեժիմով, հունիսի 30-ին ձայնը իջեցրել են, առայժմ բողոքներ չկան», հայտնել է «Զենիթի» մամլո ծառայությունը: