211652_close_icon

Որևէ մեկի օգտին կամ դեմ քարոզչությամբ չենք զբաղվում, ոչ էլ փորձում ենք հանդես գալ հավատաքննիչի դերում․ «Առավոտ»

views-count1657 դիտում article-date 10:37 17-07-2019
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ժամանակ առ ժամանակ այս կամ այն քաղաքական հոսանքի չափից դուրս արմատական կողմնակիցները կշտամբում են «Առավոտին», թե ինչու ենք հարթակ տրամադրում իրենց հակառակ հոսանքի ներկայացուցիչներին: Օրինակ, երբ 1995-96 թվականներին «Երկիր» թերթն արգելված էր, և մենք այդ պարբերականին մեր էջերն էինք տրամադրում, ՀՀՇ-ականները մեզ հարցնում էին՝ ի՞նչ է, դաշնակցակա՞ն եք դարձել, փոխե՞լ եք ձեր արժեքային համակարգը: Ոչ, չէինք փոխել, այն նույնն է մնում՝ ազատական, և հենց այդ պատճառով էլ մեր թերթը կարող է և անգամ պարտավոր է ներկայացնել ցանկացած տեսակետ, անկախ նրանից՝ այդ տեսակետն, օրինակ, ինձ՝ որպես խմբագրի, դուր է գալիս, թե չէ: Հիմա էլ է այդպես: Փաշինյանի չափից դուրս բոցավառ երկրպագուները դժգոհում են, երբ մենք հրապարակում ենք ՀՀԿ-ականների կամ քոչարյանականների տեսակետը: Այդ դժգոհները լինում են երկու տեսակի՝ քաղաքակիրթ և «ժողովրդի ձայնը հնչեցնող»: Առաջինները սովորաբար ասում են՝ մենք դեմ չենք քննադատությանը և բազմակարծությանը, բայց այն պետք է լինի փաստարկված, լուրջ, տրամաբանական: Նկատեմ, որ այդպիսի (տեսականորեն ճիշտ) տեսակետ հայտնողները, որպես կանոն, չափազանց գոհ են լինում, երբ իրենց ընդդիմախոսների հասցեին չփաստարկված, անմակարդակ, անտրամաբանական «քլնգոցներ» են հնչում («վախ, ինչ լավ էր, մեյդը փռեց»), և իրենց այս կոչն ուղղված է բացառապես վարչապետին քննադատողներին: Դե, իսկ «ժողովրդականները», երբ տեսնում են ՀՀԿ-ականների կամ քոչարյանականների տեսակետն «Առավոտում», առանց երկար մտածելու և անգամ kdwin-ը փոխելու գրում են՝ «duq el caxveciq»: Պետք է նկատել, որ վերջերս հայտնվել են նաև «քոչարյանական խանդավառներ», որոնք իրենց դժգոհությունն արտահայտում են նույն՝ «ժողովրդական» ոճով: Այդ բոլոր կշտամբողներին ուզում եմ պատասխանել մեր մեծ գրող և շատ հետաքրքիր հրապարակախոս Րաֆֆու խոսքերով, որոնք նա գրել է 1880 թվականին. «Մի լրագիր, որը նպատակ է դրել հաշտարար լինել ազգի անջատված, թշնամացած և խորթացած անդամների միջև, նրա պարտքն է լսել և հրատարակել յուրաքանչյուրի խոսքը: «Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական և հունադավան հայերը, նա ազգային օրգան է և ոչ՝ եկեղեցական»: Այսօր Շարմազանովին կամ Աշոտյանին ձայն տալը մոտավորապես հավասարազոր է 19-րդ դարի վերջում Թիֆլիսում լույս տեսնող թերթում ոչ առաքելական հային ամբիոն տրամադրելուն: Բայց պետք է հասկանալ, որ մենք որևէ մեկի օգտին կամ որևէ մեկի դեմ քարոզչությամբ չենք զբաղվում, ոչ էլ փորձում ենք հանդես գալ կրոնական կամ քաղաքական հավատաքննիչի դերում: Հակառակը՝ ինչպես և «Մշակը», կցանկանայինք հաշտարար լինել ազգի տարբեր հատվածների միջև»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր