211652_close_icon
views-count1533 դիտում article-date 10:51 18-07-2019

Մեր պետության հիմքում պետք է ընկած լինեն էթիկական նորմերը, որոնք դավանում է քրիստոնեությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նրանք, ովքեր սովորել են խորհրդային դպրոցում, հիշում են, որ թե՛ հայ գրականության և թե՛ հայոց պատմության դասագրքերում 19-րդ դարի հասարակական-քաղաքական միտքը բաժանում էին երեք «հոսանքների»՝ 1/ կղերա-ֆեոդալական (ըստ դասագրքի՝ ամենավատը), որի ներկայացուցիչն էր, օրինակ, Գաբրիել Այվազովսկին՝ մեծ ծովանկարչի եղբայրը, 2/ ազատական-բուրժուական (որն առաջինից լավն էր համարվում, զբաղվում էր լուսավորչական աշխատանքով և այլն, բայց «աշխատավորների շահերը» լավ չէր հասկանում)՝ այստեղ սովորաբար նշվում էին Ստեփանոս Նազարյանի և Գրիգոր Արծրունու անունները, 3/ հեղափոխական-դեմոկրատական (որը դասագրքերում ամենաբարձրն էր գնահատվում), առանցքային դեր էր խաղում Միքայել Նալբանդյանը, որը ներկայացվում էր համարյա որպես բոլշևիկների նախահայր: Դասակարգումն, իհարկե, ուներ բազմաթիվ թերություններ. ինձ թվում է, այն հատկապես անարդար էր Նալբանդյանի նկատմամբ, որը, մեր այսօրվա ընկալմամբ, ավելի շուտ ազգային գործիչ էր, մեր ներկայիս օրհներգի բառերի հեղինակը, քան սոցիալական պայքարի մարտիկ: Բայց հետաքրքիր է մեկ այլ բան. այն, ինչ անվանում էին «կղերա-ֆեոդալական հոսանք», գոյություն ունի առ այսօր և ունի խորը հասարակական արմատներ: Ֆեոդալիզմը, որպես կյանքը կազմակերպելու ձև, խորն արմատներ է գցել մեր ազգային հոգեբանության մեջ և արտահայտվում է բոլոր մակարդակներում՝ սկսած իշխանական վերնախավի մասին պատկերացումներից և վերջացրած ընտանեկան հարաբերություններով: Երբ պետություն չկար, տեղացի ֆեոդալը՝ աշխարհիկ թե հոգևորական, մեծ մասամբ ընկալվում էր որպես օտար միապետին ծառայող՝ անկախ նրանից, թե ինչպես էր նա կոչվում՝ պարզապես «աղա», թե Կենտկոմի քարտուղար: Իսկ տերտերն այդ համակարգում խաղում էր (և հաճախ շարունակում է խաղալ) բնակչությանը որոշակի ծառայություն մատուցող ոչ այնքան բարեխիղճ պաշտոնյայի դերը: «Հոսանքները» հենց այնպես չեն ծնվում՝ դրանք արտացոլում, ձևակերպում են ժողովրդի որոշակի մասի մտածողության կարծրատիպերը՝ օրինակ, «հայը պետք է ավանդապաշտ լինի» կամ «ով քրիստոնյա չի, նա հայ չի»: Ամենակարևորն այն է, որ այդ երեք հոսանքների բանավեճում չկար «պետություն» հասկացությունը: Երկրորդն ու երրորդը մերժում էին առաջինի խավարամտությունը, բայց չէին հասկանում ճշմարիտ կրոնի էթիկական բաղադրիչը: Վստահ եմ, որ հայկական պետության հիմքը չի կարող լինել կղերականությունը կամ, առավել ևս՝ ֆեոդալիզմը, բայց չի կարող լինել նաև «անաստված» լուսավորչականությունը՝ Վոլտերի կամ Ռուսոյի ոճով: Մեր պետության հիմքում պետք է ընկած լինեն էթիկական նորմերը, որոնք դավանում է քրիստոնեությունը՝ այդ թվում նաև սերը: Ոչ թե հեղափոխականների «սերը», որն ուղղված է միայն յուրայիններին, այլ այն Սերը, որի մասին խոսվում է Ավետարանում: Այսօր դա պարզունակ և միամիտ է թվում, բայց վստահ եմ՝ դա իրագործելի խնդիր է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր