211652_close_icon
views-count1863 դիտում article-date 11:56 26-07-2019

Իրականությունից կտրվելու հետևանքները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եվրոպայում ամենամեծ հեղափոխություններից մեկը տեղի էր ունեցել 1520-ական թվականներին և կոչվում էր Ռեֆորմացիա: Այդ շարժումն ուներ բազմաթիվ պատճառներ՝ առաջին հերթին, իհարկե, նոր, շուկայական հարաբերությունների զարգացումը: Բայց եթե իրադարձություններին նայենք այսօրվա աչքերով, ապա մեզ հետաքրքրող պատճառներից մեկը կաթոլիկ եկեղեցու լճացումն էր, բյուրոկրատացումը, խիստ աստիճանակարգ սահմանելը, եկեղեցական «շեֆերի» ճոխ ու շվայտ կյանքը և այդ բոլոր երևույթների ճչացող հակասությունը բուն քրիստոնեական արժեքների հետ: Բանը հասել էր նրան, որ Հռոմի պապի թողության գիրը՝ ինդուլգենցիան, վաճառվում էր: Այսինքն՝ ով փող ուներ, մեղքերի թողություն էր ստանում, ով չուներ՝ չէր ստանում՝ անկախ գործած մեղքերի ծանրությունից: Բայց այդ խայտառակ պրակտիկան «արդարացում» ուներ՝ ինդուլգենցիաների վաճառքից ստացած գումարներով իբր ֆինանսավորվում էր Սուրբ Պետրոսի տաճարի շինարարությունը Հռոմում: Այսինքն՝ Հռոմի պապը և նրա շրջապատը, այսպես ասած, «մտածում էին քաղաքի բարեկարգման մասին»: Այդ վարքագիծը բերեց պայթյունի և երկարատև միջկրոնական պատերազմների: Դարեր հետո Վատիկանը ոչ ամբողջությամբ, բայց «կեսբերան» ընդունեց, որ ինչ-որ հարցերում ինչ-որ տեղ այնքան էլ լավ չի վարվել: Բայց երբեք ոչ մի պապ, ոչ մի եպիսկոպոս իր գործունեությանը որևէ բացասական գնահատական չի տվել, հակառակը՝ անձամբ և իր պալատական երգիչների միջոցով զբաղվում էին ինքնագովերգմամբ: Կյանքից կտրվելը, զուգահեռ իրականության մեջ ապրելն ամենամեծ վտանգն է, որի առջև կանգնած է ցանկացած իշխանություն: Դա վերաբերում է նաև Հայաստանի Երրորդ հանրապետության ղեկավարներին: Առաջին երեք նախագահների շուրթերից ես չեմ լսել որևէ բառ, որը թեկուզ թեթևակի ակնարկեր, որ իրենց իշխանության օրոք այսինչ բանը սխալ է արվել: Կամ՝ բացատրություն հնչեր, թե ինչու էր հասարակության մեծ մասը տրամադրված նրանց դեմ: Հարցրեք, օրինակ, որևէ ՀՀԿ-ականի, թե ինչու է 2018 թվականին տեղի ունեցել հեղափոխություն, և նրանցից ոչ մեկը չի ասի, որ հիմնական պատճառն իրականությունից կտրվելն էր: Հարցրեք Երկրորդ նախագահին և նրա պալատականներին, թե ինչպես են նրանք գնահատում Հյուսիսային պողոտայի շինարարությունը, և նրանք այդ գործընթացի մասին կխոսեն հպարտությամբ՝ աշխատատեղեր, շինարարական բում, լցված սառնարաններ և այլն: Որևէ մեկը չի ասի, որ այդ պողոտայի շինարարության հետևանքով Կենտրոնում ապրող տասնյակ բնակիչներ հայտնվեցին փողոցում: Նրանցից որևէ մեկն իրեն պատասխանատու չի զգա նրա համար, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է կառավարությանը 1,6 միլիոն եվրո վճարել իրենց գործողությունների հետևանքով ունեզրկված քաղաքացուն: Նախկին իշխանավորների նման «մերժողական» վարքագծի պատճառը դարձյալ նույնն է՝ իրական կյանքի հետ կապը կորցնելը: Տեսնես, դա դաս կլինի՞ ներկայիս կառավարության համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսլրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր