211652_close_icon
views-count1699 դիտում article-date 10:32 23-10-2021

Կյանքից կտրվելու մեխանիզմը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Համացանցում հաճախ եմ նկատում, որ մարդիկ զարմանում են, թե ինչպես են իշխանավոր դարձած նախկին լրագրողները (վարչապետի գլխավորությամբ) մեկը մյուսի հետեւից ԶԼՄ-ների դեմ օրենքներ ընդունում: Իրականում դա պարզ եւ մարդկայնորեն միանգամայն հասկանալի հոգեբանական մեխանիզմ է:

Այս իրավիճակը հասկանալու համար շատերը զուգահեռ են տանում Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հետ, երբ խոզերը, սկզբնական շրջանում մյուս կենդանիների հետ պայքարելով մարդկանց դեմ՝ «հանուն համընդհանուր հավասարության», ժամանակի ընթացքում սկսում են իրենց համար «բացառություններ» անել, իսկ վերջում վերցնում են մտրակը եւ դառնում են ճիշտ մարդկանց նման: Այդ զուգահեռն, իմ կարծիքով, ճշգրիտ է: Բայց երեկ ես հիշեցի մեկ այլ նշանավոր ստեղծագործության՝ Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմից մի դրվագ:

Ստրկությունից ազատված Ջանգոն գալիս է սպիտակամորթ կալվածատիրոջ մոտ բանակցությունների, եւ այդ դաժան ստրկատիրոջ ծառայապետը՝ Սթիվենը, որը նույնպես սեւ մաշկ ունի, վրդովված դիմում է իր տիրոջը՝ «Եվ դուք թույլ կտաք, որ այս կեղտոտ նիգերը (այդպես է նա բնութագրում Ջանգոյին – Ա.Ա.) մտնի ձեր տուն եւ ձեր հետ սեղա՞ն նստի»: Սթիվենը ճիշտ նույնպիսի աֆրոամերիկացի է, ինչպիսին Ջանգոն է, բայց նա, երկար տարիներ ծառայելով կալվածքում, դարձել է ավելի ծայրահեղ ռասիստ, քան իր տերը:

Ահա իրականությունից կտրվելու ողջ պատկերը: Այնքան ժամանակ, որքան դու լրագրող ես (այստեղ կարելի է նշել ցանկացած այլ մասնագիտություն), դու ապրում ես սովորական կյանքով եւ, բնականաբար, իրականությունից չես կտրվում: Հենց որ դու հայտնվում ես պալատներում՝ կենցաղային հոգսերից ազատված, «հարցեր լուծելու», արտոնությունների, քծնանքի, շողոքորթության, պատերին առաջնորդի նկարը կախելու մթնոլորտում, սկսում ես վրդովվել ՝ «ովքե՞ր են այդ լրագրողները, որ անընդհատ ոտի տակ են ընկնում, նրանք ո՞վ դառան, որ համարձակվում են չփառաբանել մեր տքնաջան, ազգանվեր աշխատանքը»:

Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից եւ նրանց շրջապատից ես այլ բան չէի սպասում, որովհետեւ նրանք իրենց կարիերան սկսել են կոմունիստական նոմենկլատուրայի պայմաններում, այսինքն՝ երիտասարդ տարիքից սովորական մարդկանց կյանքով չեն ապրել: Բայց տեսնելով, որ թե՛ ՀՀՇ-ականները եւ թե՛ ներկայիս իշխանավորներն ի վերջո սկսեցին նույն ձեւով դրսեւորվել, ես պարզապես եւս մեկ անգամ համոզվում եմ 19-րդ դարի անգլիացի պատմաբան եւ քաղաքական գործիչ Ջոն Դալբերգ-Աքթոնի իրավացիության մեջ. «Իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակապես»:

1970-ականների կեսերին մի անեկդոտ էր շրջանառվում Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա նախկին ղեկավար Անտոն Քոչինյանի մասին (որը, բնականաբար, այդ հայրենասեր եւ բազմաթիվ դրական գործեր կատարած մարդու հետ կապ չունի): Անեկդոտը կյանքից կտրվելու մասին է: Աշխատանքից դուրս գալուց մի քանի օր հետո Քոչինյանը կյանքում առաջին անգամ գնում է խանութ՝ երշիկ գնելու, խանութի ցուցափեղկին տեսնում է միայն դոկտորական երշիկի կապտած կտորը եւ, մտածելով, որ խանութներից երշիկը վերացել է վերջին մի քանի օրում, հոգոց է հանում՝ «Դե, սրանից հետո փառք կտաք Անտոն Երվանդովիչին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր