211652_close_icon
views-count2433 դիտում article-date 10:38 15-11-2019

Եթե իշխանությունն իսկապես այդպես է կարծում, ապա առկա են իրականությունից կտրվելու որոշակի նշաններ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դարձյալ ուզում եմ արձանագրել, որ ներկայիս իշխանության չափից դուրս դոգմատիկ հետևորդները նույնատիպ երևույթներին տալիս են տրամագծորեն տարբեր մեկնաբանություններ: Օրինակ, ըստ նրանց, երբ տաքսիստները հայհոյում էին (և հիմա էլ, փոքր-ինչ պակաս ինտենսիվությամբ, շարունակում են հայհոյել) Սերժ Սարգսյանին, դա ժողովրդի համընդհանուր տրամադրությունների ինքնաբուխ դրսևորում է: Բայց երբ նույն տաքսիստները այժմ արդեն սկսել են փնթփնթալ Նիկոլ Փաշինյանի հասցեին, դա, խանդավառ իշխանամետների կարծիքով, արդեն ուղղորդված քարոզչություն է, որը կազմակերպում են նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները մնացած մութ ուժերի հետ: Նման կրկնակի ստանդարտները վնասակար են նախ և առաջ իշխանության համար, որը, կարծես թե, չի կարող ընդունել, որ իր հասցեին արդար կամ անարդար քննադատությունը նույնպես կարող է լինել ինքնաբուխ: Եվ եթե իշխանությունն իսկապես այդպես է կարծում, ապա առկա են իրականությունից կտրվելու որոշակի նշաններ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն, ըստ իշխանության դոգմատիկների, իրենց անդաստիարակ են պահում: Բայց Ռադիոտան դուռը կոտրելը, տարբեր պետական հիմնարկներ ներխուժելը կամ թույլ չտալը, որ մարդիկ մետրոյի գնացք նստեն՝ այդ ամենը նույնպես բարձր դաստիարակության նշան չէր: Եթե դուք դնում եք դաստիարակված լինելու որոշակի ստանդարտներ, ապա բարի եղեք օրինակ ծառայել այդ բարձր ստանդարտների համար: Կամ՝ ընդդիմադիր լրատվամիջոցներն իսկապես իրենց թույլ են տալիս կոպիտ, ոչ կոռեկտ արտահայտություններ: Բայց իշխանամետ լրատվամիջոցներն այդ առումով հետ չեն մնում: Եվ արդյոք կոռեկտ արտահայտություն է, օրինակ, «պատերի տակ վնգստալը», այն էլ՝ դատավորների հանդեպ կիրառվող: Նախորդ գումարման խորհրդարանում ընդդիմադիրներ էին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, և նրանց փաստարկները պետք էր լսել համբերատար և հարգանքով: Հիմա ընդդիմադիրներ են նույն Էդմոն Մարուքյանը, որի հետ ես ընդհանուր առմամբ նույն արժեհամակարգն ունեմ, ինչպես նաև Գևորգ Պետրոսյանը և Վարդան Ղուկասյանը, որոնց պատկերացումները կյանքի վերաբերյալ չեմ կիսում: Բայց անկախ նրանից, թե ում ենք ճիշտ կամ սխալ համարում, մեր վերաբերմունքը դարձյալ պետք է լինի հարգալից: Ճիշտ այնպես, ինչպես արտախորհրդարանական ընդդիմադիրների, օրինակ, դաշնակցականների և Վազգեն Մանուկյանի հանդեպ: Ի դեպ, վերջինս ճիշտ է վարվել՝ հրաժարվելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: Հիմա նա հնարավորություն ունի վերադառնալու քաղաքական դաշտ և անկաշկանդ ներկայացնելու իր տեսակետները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր