211652_close_icon
views-count1354 դիտում article-date 19:55 01-08-2019

Նախարար Բադասյանը մասնակցել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 1-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային ամփոփիչ քննարկմանը: Այն կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Արդարադատության նախարարության, Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ՝ ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հատկապես մարզերը հանրային քննարկումներում ներգրավելու համար և նշել, որ Հակակոռուպցիոն այս ռազմավարությունը նախորդներից տարբերվելու է երեք հիմնական տարրերով: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ այն ունենալու է ֆինանսական հստակ գնահատական, մոնիթորինգի մեխանիզմ և նախատեսված գործողությունների արդյունքների գնահատում: Բացի այդ, նախարարի խոսքով, Ռազմավարությունը չի լինելու քարացած փաստաթուղթ և ենթակա է լինելու անընդհատ փոփոխման: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գերնպատակ է լինելու կրթական ծրագրերի և իրազեկող միջոցառումների իրականացումը, որպեսզի հասարակության շրջանում հստակ դիրքորոշում ձևավորվի, թե ինչով է կարևոր կոռուպցիոն դեպքի մասին ազդարարելը, ինչքանով է դա ազդում երկրի զարգացմանը և ինչքանով է կարևոր կոռուպցիայի դեմ պայքարը: «Ամեն ինչ անում ենք, որ մարդիկ հնարավորինս կարճ ժամանակում տեսնեն արդյունքը»,- վստահեցրել է Ռուստամ Բադասյանը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարևորել է միջոցառումը և ուրախությամբ նշել, որ շատ հարցերում Կառավարությունը և Կոալիցիան ունեն նույն մոտեցումները (բացառություն է կազմել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրությունը), և իրենց առաջարկների մոտ 90 տոկոսը ներառված է Ռազմավարությունում: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է Նախագծի հիմնական ուղղությունները, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև: Նշենք, որ Ռազմավարության հանրային քննարկմանը մասնակցել են դատական իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր