4985 դիտում
20:31 12-08-2019
Մեծամորում բացվել է Ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հուշակոթող. ներկա է եղել Աննա Հակոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրը, Մեծամորում տեղի է ունեցել Սաշային և քառօրյայի մյուս զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Սաշա Գալստյանի տան բակում հանդիսավոր արարողությանը նրա ծնողների կողքին էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ընտանիքի բազմաթիվ բարեկամներ: Հուշակոթողի բացման և օծման արարողությունից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո հուշակոթողի մոտ բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:
Սաշա Գալստյանի ծննդյան օրվան նվիրված արարողությունը շարունակվել է Մեծամորի մշակույթի պալատի դահլիճում, որտեղ ցուցադրվել է հերոսի մասին պատմող տեսաֆիլմ, հնչել են ելույթներ, բանաստեղծություններ, մարտական-հայրենասիրական երգեր, ներկայացվել պարային կատարումներ:
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ խաղաղության ամեն վայրկյանը հնարավոր է դառնում Սաշայի նման տղաների շնորհիվ»,- ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Արմավիրի մարզը 8 զոհ է տվել Ապրիլյան պատերազմում: «Մենք պարտք ենք պատերազմի բոլոր զոհերին, և այդ պարտքը պետք է վերադարձնենք մեր ամենօրյա աշխատանքով մեր երկիրը շենացնելու միջոցով»,- ասել է մարզպետը:
Սաշայի ծնողներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել բոլոր ներկաներին իրենց որդու ծննդյան օրն իրենց կողքին լինելու համար: Սաշայի մայրը՝ տիկին Սոֆյան, նշել է, որ երկու տարի լացով է նշել այս օրը, սակայն վերջերս Արցախ կատարած այցի ժամանակ հասկացել է, որ լացելու ժամանակն ավարտվել է: «Այնտեղ պատահական մարդիկ մեզ ճանաչում էին, փողոցում քայլելիս մոտենում ասում էին՝ դուք Սաշի մայրիկն եք, դուք Քյարամի մայրիկն եք: Դա մեզ պարտավորեցնում է, որ մեզ ճիշտ դրսևորենք, և այսուհետ ամեն բան անելու եմ իր ծնունդներն ուրախ ու հպարտությամբ դիմավորելու համար»,- ասել է տիկին Սոֆյան:
Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին: Մեծամորում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ, ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով: 4-րդ դասարանից երազել է բժիշկ դառնալու մասին: Զոհվել է 2016 թվականի ապրիլի երկուսին՝ դիպուկահարի կրակոցից, իր 4-5 զինակիցների հետ մի քանի ժամ շարունակ անհավասար մարտում պայքարելուց հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
2655 դիտում
20:35 11-09-2021
Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար է բացվել
19092 դիտում
22:23 01-04-2019
Գյումրիում տեղի է ունեցել խնկարկում ու մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան պատերազմի զոհերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»