211652_close_icon
views-count12731 դիտում article-date 18:58 05-09-2019

Ֆելիքս Ցոլակյան. Հավատում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում մասնակի վերանորոգված Մասիսի հրշեջ կայանի վերաբացման, ինչպես նաև Մասիսի և Արտաշատի հրշեջ կայաններին տրվող հրդեհաշիջման գույքի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ Թրեյսին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը, ԱՄՆ ինժեներական զորքերի Եվրոպական մասի հրամանատար, գնդապետ Ջոն Բեյքերը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին Արտակարգ իրավիճակների նախարարությանը երկարամյա աջակցության համար նշեց, որ երկկողմ բեղուն համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2003 թ. Կանզաս-Հայաստան փոխգործակցությամբ: Դրանից հետո իրականացվել են մեծածավալ աշխատանքեր: 2015 թ. Կանզասի օդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորների ուժերով վերանորոգվել են ԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը, լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճը համապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին: «Լիահույս եմ, որ մեր մեջ առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ: Վստահորեն կարող եմ փաստել, որ ԱԻ նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում, ինչը հարաբերությունները բարձրացրել է որակապես նոր մակարդակի»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարի խոսքով՝ անցյալ տարի շահագործման է հանձնվել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, արդեն իսկ ավարտվել է Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի վերանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ է Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է նաև Գյումրի 1-ում և Աշոցքի տարածաշրջանում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի կառուցում, Ախուրյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգում: Բացի դրանից տրամադրվել է փրկարարական տարաբնույթ գույք։ Իր խոսքը նախարարը եզրափակեց ամերիկացի փիլիսոփա, հոգեբան Վիլյամ Ջեյմսի այն խոսքերով, որ յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է և որ առանց հավատի հաջողությունն անհնարին է: «Այո, հավատ է պետք և ես հավատում եմ, որ մեր այս համագործակցությունը կլինի շարունակական»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը: ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ համակարծիք է նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ առ այն, որ մեր երկկողմ հարաբերություններում ամենակարևոր գործոնը վստահությունն է: Ըստ դեսպանի՝ խորհրդանշական է, որ միջոցառումը տեղի է ունենում ԱԻՆ աշխատակցի մասնագիտական տոնի հաջորդ օրը: «Մասիսի հրշեջ-փրկարարական կայանի վերանորոգումը Հայաստանի և Միացյալ նահանգների միջև սերտ գործակցության ևս մեկ օրինակ է։ Կայանի պայմանների բարելավման շնորհիվ Մասիսի քաջարի հրշեջ-փրկարարները կկարողանան ավելի լավ ծառայել շրջանի բնակչությանը»,- նշեց Լին Թրեյսին: Դեսպան Լին Թրեյսին վստահություն հայտնեց, որ Մասիսի վերանորոգված հրշեջ կայանը և տրամադրվող գույքը մեծապես կնպաստի շրջանում հրշեջ-փրկարարական աշխատանքների բարելավմանը: Ապա նախարար Ցոլակյանը և դեսպան Լին Թրեյսին շրջեցին վերանորոգված կայանի տարածքով, ծանոթացան կատարված աշխատանքներին և տրամադրվող գույքին: Կայանի բացման կարմիր ժապավենը կտրեցին դեսպան Լին Թրեյսին և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր