211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:44 27-09-2019

«Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն մշտապես միջազգային հանրությանը և համաշխարհային քաղաքակրթությանը ներկայանալու է որպես հզոր գիտակրթական ու մշակութային կառույց» Գեղամ Գևորգյան

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձը ԵՊՀ 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: «Սիրելի՛ բարեկամներ, այսօր եկել ենք ջերմորեն շնորհավորելու մեկմեկու, միմյանց հետ կիսելու մեր ուրախությունն ու տոնի զգացողությունը, նաև ժառանգելու մեր նվիրվածությունն ու պատրաստակամությունը հայրենի բարձրագույն կրթության և գիտության շնորհակալ գործին: Ուզում եմ, որ մեր տոնական տրամադրության առանցքում լինի երախտագիտության վեհ զգացումը՝ ուղղված համալսարանի հիմնադրումը նախաձեռնողներին և իրականացնողներին, այն կերտողներին և զարգացնողներին, բոլոր նրանց, ում տքնանքի ու նվիրումի շնորհիվ արդեն մեկ դար արարման իր ուղին դեպի վեր է տանում հայոց համալսարանը, բոլոր նրանց, ում համար պատիվ ու հպարտություն է եղել «համալսարանական» կոչումը: Հարկ է եր խտապարտ լինել մեկդարյա ժամանակի շղթայի բոլոր օղակներում հետք թողած ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին, ղեկավարներին, կազմակերպիչներին, բոլոր- բոլոր համալսարանականներին»,- նշեց ԵՊՀ ռեկտորը: Անդրադառնալով ԵՊՀ հիմնադրման պատմությանը՝ Գեղամ Գևորգյանը պատմական ակնարկով ներկայացրեց հայոց պատմությունը, գրերի գյուտից հետո ստեղծված գրականությունը, մշակույթը ու արվեստը, վերաբացված դպրոցներն ու համալսարանները: «Իր բազմադարյա պատմության ընթացքում մեր ժողովուրդն իրավամբ հպարտանալու շատ բան է ստեղծել, մասնավորապես մշակութային ոլորտում՝ կոթողային արժեքներ, պատմական նշանակության գլուխգործոցներ: Այդպիսին է նաև մեր համալսարանը, որի հիմնադրումը եղել է բազմաթիվ սերունդների, հազարավոր ուսումնատենչ երիտասարդների, հարյուրավոր հայրենանվեր գործիչների մեծագույն երազանքներից մեկը», -ասաց ռեկտորը: ԵՊՀ ռեկտորը հիշատակեց նաև մեկդարյա ԵՊՀ-ի բոլոր այն երախտավորներին, որոնց ներդրած ավանդի ու նվիրումի շնորհիվ ԵՊՀ-ն զարգացել ու դարձել է վեհաշուք կոթող՝ բռնելով ժամանակի ուղին: Նա խոսեց ԵՊՀ առաջընթացը ժամանակավորապես սպառնացող խոչընդոտների՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան շարժման մասին՝ հիշելով այն բոլոր անձնազոհ համալսարանականների անունները, որոնք մեկնեցին ռազմաճակատ և զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի: «Մայր բուհը վառ է պահում նահատակված համալսարանականների հիշատակը, պարբերաբար կազմակերպում նրանց նվիրված միջոցառումներ, հանդիպումներ նրանց հարազատների հետ, այցելություններ նրանց շիրիմներին»,- փաստեց Գեղամ Գևորգյանը: Նա նշեց նաև մեկդարյա ԵՊՀ-ի կրթության որակի բարձրացման և արդիականացման համար կիրառված նոր տեխնոլոգիաների, կրթական ծրագրերի, նոր մասնագիտությունների, ամբիոնների, գիտահետազոտական լաբորատորիաների մասին: ԵՊՀ ռեկտորը մեկդարյա համալսարանի հաջողություններն առաջին հերթին պայմանավորեց որակյալ մասնագետների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությամբ: «Իր մեկդարյա գործունեության ընթացքում ԵՊՀ-ն ունեցել է ավելի քան 140 հազար շրջանավարտ, նրանց թվում՝ հարյուրավոր սփյուռքահայեր և օտարազգիներ: Համալսարանի շրջանավարտները հսկայական անվանդ են ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, հանրապետության մտավոր ներուժի հզորացման, մշակութային արժեքների պահպանման ու կերտման, երկրի ընդհանուր առաջընթացի գործում: Նրանցից շատերի վաստակը բարձր է գնահատվել նաև մեր երկրի սահմաններից դուրս»,- ընդգծեց Գ. Գևորգյանը: Ամփոփելով ԵՊՀ հիմնադրման առթիվ իր ուղերձը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհավորեց համալսարանականներին, ողջ հայ ժողովրդին, բուհի գործընկերներին և համոզմունք հայտնեց, որ Մայր բուհը դեռ բազում հարյուրամյակներ է տոնելու: «Ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն մշտապես միջազգային հանրությանը և համաշխարհային քաղաքակրթությանը ներկայանալու է որպես հզոր գիտակրթական ու մշակութային կառույց, մարդկային կապիտալի արժեքավոր ու մտավոր ներուժի անհուն շտեմարան»,- ամփոփեց ելույթը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր