211652_close_icon
views-count623 դիտում article-date 19:02 09-04-2015

Հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես Մեքսիկայի Սենատում

Ապրիլի 8-ին Մեքսիկայի Սենատի ճեմասրահում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ բացվեց հայկական քաղաքակրթությանը նվիրված «Հայաստան – քարերի գաղտնիքը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներառում է շուրջ 30 լայնածավալ վահանակներ: Ցուցահանդեսին ներկա էին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, Մեքսիկայի խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Ցուցադրության պաշտոնական բացումը կատարեցին Մեքսիկայի Սենատի փոխխոսնակ Խոսե Ռոսաս Աիսպուրոն, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնը և Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Բացման խոսքում դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ հայկական քաղաքակրթության համաշխարhային նշանակությանը, կարևորեց հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Հեռավոր Ասիայի տասնյակ երկրների կառավարությունների ջանքերը, ինչպես նաև դատապարտեց համաշխարհային մշակութային ժառանգության դեմ Իսլամական պետության և Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգությունները: Մեքսիկայի սենատի փոխխոսնակն ու սենատոր Գաբրիելա Կուևաս Բառոնը բարձր գնահատեցին Հայաստանի և Մեքսիկայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դինամիկան և խոսեցին հայկական մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև դրանց հանրային ճանաչման անհրաժեշտության մասին: Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ցուցադրվեցին ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Հայկական այբուբեն» տեսահոլովակը և հատվածներ 2012թ. անցկացված «Երևան` UNESCO-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարությունից:

Նմանատիպ նյութեր