211652_close_icon
views-count2274 դիտում article-date 12:52 29-09-2019

Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը՝ «Արվեստ և ժամանց» խորագրով

Ամբերդ ամրոցում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, տեղի է ունեցել Եվրոպական ժառանգության օրերի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ինչպես նաև դպրոցականներ, զբոսաշրջիկներ և այլ հյուրեր: Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամբերդ ամրոցի պատմական և մշակութային դերը, ինչն էլ հիմք է հանդիսացել Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների մեկնարկը հենց այդ հուշարձանի տարածքում իրականացնելու համար: Դեսպան Ա. Վիկտորինը և նախարար Ա. Հարությունյանը, արձանագրելով Եվրամիության և ԿԳՄՍ նախարարության տարիների համագործակցությունը մշակութային ոլորտում, ողջունել են Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ միտված պատմական արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը: «Մշակույթը մեր ազգային ինքնության արմատն է և աղբյուրը, և որպեսզի այն պահպանենք, մենք պետք է սատարենք դրա շարունակական զարգացմանը և արդիականացմանը: Սա հիանալի հնարավորություն է վերցնել Եվրոպական ժառանգության օրերի այսօրվա ներկայացուցչականության պատկերը և ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը իր մշակույթով նույնպես Եվրոպական մշակութային ընտանիքի մի մասն է: Եվրամիությունը կարևորում է մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, և այսօր, ինչպես և տարիներ շարունակ, մենք կրկին աջակցում ենք ժառանգության օրերի տոնակատարությունների իրականացմանը»,-նշել է դեսպան Ա.Վիկտորինը: Նա անդրադարձել է նաև օրեր առաջ Գեղարդում տեղի ունեցած համերգին՝ բարձր գնահատելով մշակութային աշխարհում հնի ու նորի համադրումը։ Նա նաև հավաստիացրել է, որ Եվրոպական միությունը միշտ պատրաստ է աջակցել նման նորարարական գաղափարների և նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Նախարարը նույնպես արժևորել է ԵՄ-ի հետ համագործակցությունը և այդ շրջանակում նոր ծրագրերի իրականացումը: «Մենք Եվրամիության հետ իրականացնում ենք մի շարք ծրագրեր մշակույթը ձեռնարկատիրական ոլորտ բերելու և ձեռնարկատիրությունը մշակույթի ոլորտում զարգացնելու համար: Պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ արդեն ունենք հաջողություններ: Հիմա մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ոչ միայն ցուցադրենք մեր արվեստն ու մշակույթը, այլև կարողանանք շահավետ մատուցել այն»,-ասել է նախարարը: Ճեպազրույցի ընթացքում Ա. Հարությունյանն արձանագրել է, որ մշակութային կոթողների հանրահռչակման ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր՝ մշակութային որոշակի ռազմավարությամբ: Նա հատկապես կարևորել է դեպի հուշարձաններ տանող ճանապարհների բարեկարգման խնդիրը. «Մենք չպետք է մեր հյուրերին կամ քաղաքացիներին փորձությունների ենթարկենք ճանապարհների առումով: Դրանք նույնպես մեր առաջնահերթ խնդիրներից են, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են տարվում: Ամբերդ ամրոցը ևս այդ ցուցակում է»: Նախարարն ու դեսպանը Եվրոպական ժառանգության օրերի բոլոր մասնակիցներին մաղթել են արվեստի բովանդակ աշխարհում ուրախ, հետաքրքիր և նորանոր բացահայտումներով լի ժամանցային օրեր: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներները ներկայացրել են Ամբերդ ամրոցի դարակազմիկ միջավայրին համահունչ՝ միջնադարյան հանդերձանքով, պատմական թեմաների բեմականացում և տարաբնույթ զվարճալի ներկայացումներ։ Անակնկալ ելույթ է ունեցել նաև Էստոնիայի Հանրապետության կամերային երգչախումբը՝ հայրենիքի և կարոտ մասին երգի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր