1933 դիտում
10:51 04-10-2019
ՍԴ նախագահի հետևից ընկնելը հիմքեր է ստեղծելու հետագա ճգնաժամերի համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սահմանադրական դատարանն իր ստեղծման օրվանից մինչև օրս երբեք հասարակական հեղինակություն չի ունեցել: Այդ մարմինը մշտապես՝ 1996 թվականից սկսած սկզբունքային հարցերում ընդունում էր իշխանահաճո որոշումներ՝ հանդիսանալով օրվա իշխանության խամաճիկը: Դա լուրջ խնդիր է, որն, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ լուծում է պահանջում: Պարզապես ՍԴ այսօրվա նախագահի հետևից ընկնելը նման լուծում չէ. դա ուղղակի երկարաձգելու է այդ պետական կառույցի ներկա աննախանձելի վիճակը և հիմքեր է ստեղծելու հետագա ճգնաժամերի համար:
Բարեբախտաբար, ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», որոշակի կասկածներ ու վերապահումներ ունի Հրայր Թովմասյանի հետ կապված «օպերացիայի» վերաբերյալ: «Իմ քայլի» պատգամավորներն ասում են՝ այս հարցում ԲՀԿ-ի դիրքորոշումն անհասկանալի է և քաղաքական (ի դեպ, ԱԺ-ն, կարծես թե, քաղաքական դիրքորոշումներ հայտնելու տեղ է): Իսկ ինձ համար այնքան էլ հասկանալի չէ խորհրդարանական մեծամասնության տեսակետը՝ ի՞նչ է, նրանք ցանկանում են, որ բոլոր որոշումները միաձա՞յն ընդունվեն:
Գագիկ Ծառուկյանն ասում է, որ, իր կարծիքով, Թովմասյանին պաշտոնանկ անելու հիմքերը թույլ են: Տվյալ դեպքում համաձայն եմ ԲՀԿ ղեկավարի հետ: Նախ՝ քավոր-սանիկային կենցաղային խոսակցություններն ընդհանրապես հարիր չեն բարձրագույն օրենսդիր մարմնին: Երկրորդ՝ ՍԴ-ում Քոչարյանի հարցով որոշում ընդունելիս շահերի բախում, ինձ թվում է, կար, և ճիշտ կլիներ, որ ՍԴ նախագահը չմասնակցեր այդ հարցի քննարկմանը: Այս խնդրին, ցանկալի է, որ անդրադառնա Սահմանադրական դատարանը և գուցե իր նախագահին նկատողություն հայտնի:
Բայց այդ հիմքով պաշտոնանկ անել ՍԴ նախագահին՝ դա հենց զուտ քաղաքական մոտեցում է, որով այսօրվա մեծամասնությունը դանդաղ գործողության ռումբ է դնում իր նախընտրելի թեկնածու Վահե Գրիգորյանի տակ (չեմ կասկածում, որ նրան ի վերջո կդարձնեն ՍԴ նախագահ): Այո, այսօրվա իշխանության հետ նա ճիշտ նույն «ներդաշնակության» մեջ կհայտնվի, որի մեջ էին Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը նախորդ իշխանությունների հետ: Իսկ ի՞նչ կլինի 4 կամ 5 տարի հետո: Կլինի, ըստ ամենայնի, նոր քաղաքական մեծամասնություն և նոր վարչապետ, որը, հնարավոր է, կասի, որ ՍԴ-ն Վահե Գրիգորյանի «անձնական բուդկան» է, իսկ խորհրդարանը կսկսի իրավական սողանցքներ գտնել և «կեղտ բռնել» Վահեի և նրա հարազատների վրա:
Ինչո՞ւ են մեր քաղաքական գործիչները ու մանավանդ իշխանության շուրջը հավաքվածները կարծում, որ նրանք հավերժ են: Ո՞վ է հիմա հիշում ՀՀՇ-ին, «Հանրապետություն» կամ «Միասնություն» դաշինքները»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3118 դիտում
09:17 18-01-2020
Հայաստանը նավատորմ ստեղծելու օրենսդրական հիմքեր է պատրաստում. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»