211652_close_icon
views-count2465 դիտում article-date 09:27 05-10-2019

Հրայր Թովմասյանը, հասկանում եք, Արցախն ու ՀՀ սահմաններն է պաշտպանում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադարձել է իր՝ որպես ՍԴ դատավորի, լիազորությունները դադարեցնելու գործընթացին ու հայտարարել, թե ՍԴ նախագահի պաշտոնում ինքն իրեն զգում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի վիճակում, իր համար այդ սահմանը Ղարաբաղը տալու կամ չտալու պես բան է, և այդտեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը կամ ճնշվելը հավասարազոր է դավաճանության: Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հասկանում եք, իր պաշտոնն ու քաղաքական թիմին չի պաշտպանում, Արցախն ու ՀՀ սահմաններն է պաշտպանում: Մի խոսքով՝ հերոս է: Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը և անդրադառնանք պրն Թովմասյանի ասածի բուն իմաստին: Նախկին իշխանությունները լուրջ ռեսուրսներ են ծախսում՝ հանրային գիտակցության մեջ արմատավորելու այն «գաղափարը», թե իբր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բուն նպատակը ազգային-պետական ինստիտուտները ոչնչացնելն ու «Ղարաբաղը ծախելն» է, հետևաբար՝ նախկինները պայքարում են ոչ թե ընդամենը իրենց թալանածը պահպանելու և ազատության մեջ մնալու, այլ Արցախի ու Հայաստանի համար: Համաձայնվեք՝ շատ հարմար և ունիվերսալ դիրքորոշում է: Որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ են հարուցում, ասենք, բյուջեից մի քանի միլիոն դոլար գողանալու համար, իսկ նա իրեն քաղհալածյալ է հայտարարում կամ փախչում երկրից՝ հայտարարելով, որ չի ուզում «նստել», որովհետև իր ազատության մեջ մնալը համարում է «սահմանին կանգնած զինվորի իր պարտքը»: Մեկի համար «սահմանի իր հատվածն» անցնում էր Հյուսիսային պողոտայի կառուցապատումով, մյուսի համար՝ մարտի 1-ով կամ «Պապլավոկի» զուգարանով, երրորդի համար՝ սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնելով… Հիմա Հրայր Թովմասյանը նույն բանն է ասում ու նույնպես ինքն իրեն համեմատում է սահմանին կանգնած հայ զինվորի հետ, ու ինչպես այդ զինվորն է հայրենիքը պաշտպանում ադրբեջանցիներից, այնպես էլ ինքն է ՍԴ նախագահի իր աթոռը պաշտպանում ՀՀ իշխանություններից: Ահա այդպես: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը (որի սանիկները, պարզվում է, լավ էլ շահավետ ձևով են պաշտպանել «ՀՀ սահմանի իրենց վստահված հատվածը»), Հայաստանի բնակչության 80 տոկոսի վստահության քվեն ստացած վարչապետին ու 70 տոկոս ստացած խորհրդարանական մեծամասնությանն ուղղակիորեն համեմատում է ադրբեջանցիների հետ (որոնց նպատակը Հայաստանը ոչնչացնելն ու Արցախին տիրելն է): Սա, նկատենք, բավականին կոշտ քաղաքական հայտարարություն է: Այնքան կոշտ, որ նման ձևակերպումներով անգամ հանրապետականներն ու դաշնակցականները չեն համարձակվում հանդես գալ: Այս բառապաշարն ավելի բնորոշ է լավ վարձատրվող մի քանի ագրեսիվ մարգինալ խմբակների, ու Հրայր Թովմասյանը, նման հայտարարություն անելով, ինքն իրեն դասում է նրանց շարքին ու դառնում է, պայմանականորեն ասած, «ադեկվադ՝ դատավորի հանդերձանքով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր