211652_close_icon
views-count1256 դիտում article-date 18:19 17-10-2019

ԵՊԲՀ-ն հուշագրով հաստատեց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը համալսարանական դարձնելու որոշումը

«Հերացի» թիվ 1 համալասարանական հիվանդանոցային համալիրում այսօր բացվեց «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանի մասնակցությամբ: ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, բուժանձնակազմը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորությամբ շրջեցին նորաբաց բաժանմունքում, ծանոթացան ստեղծված պայմաններին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կարևորելով բաժանմունքի ստեղծման անհրաժեշտությունը, նշեց, որ նախորդ տարվա համեմատ՝ մոտ 50-ով, ավելացել է շտապօգնության կանչերի թիվը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով համալսարանական հիվանդանոցի ծարաբեռնվածությունը՝ որոշում է կայացվեց ընդլայնել հնարավորությունները՝ վերակենդանացման բաժանմունքի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: «Նախկինում հիվանդանոցը մյուս մասնաշենքի հետ միանում էր միայն երկրորդ հարկով՝ առաջացնելով դժվարություններ: Այսօր լուծվեց կարևորագույն խնդիր. հիվանդանոցի երկու մասնաշենքերը ամբողջությամբ միացան»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: «Անհետաձգելի բուժօգնության» բաժանմունքի բացմանը հաջորդեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանի կողմից կրթական-կլինիկական համագործակցության մասին հուշագրի ստորագրումը, որը տեղի ունեցավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա կլինիկական պրակտիկայի հիմքի վրա կազմակերպել բազմաբաղադրիչ բժշկական կրթության՝ որակյալ բժիշկ մասնագետների պատրաստման նպատակով: Առաջնորդվելով երկու հանրապետությունների առողջապահական, կրթական ոլորտներում համագործակցության սկզբունքներով, կողմերը պայմանավորվեցին համագործակցել՝ կլինիկական պրակտիկայի հիմքով բժշկական կրթության ոլորտներում, որոշակի մասնագիտական ուղղություններով ընդունված կլինիկական և կրթական չափորոշիչներով: Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը շնորհակալություն հայտնեց ստեղծված հնարավորության համար՝ կարևորելով Արցախում համալսարանական հիվանդանոց ունենալու անհրաժեշտությունը: «Փաստում եմ, որ մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև առողջապահության ոլորտն է: Առողջ ազգ ունենալու համար մեր համակարգում անհրաժեշտ են բարձրակարգ բժիշկներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ի հետ հուշագիրը հնարավորություն կտա այդ նպատակներն իրականություն դարձնել: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ համալսարանի կողմից այսպիսի համագործակցությունն առաջին անգամ է: «Ստեփանակերտի արդիական բժշկական կենտրոնը ստացավ համալսարանական հիվանդանոցի կարգավիճակ և հնարավորություն ունի ինչպես արցախցի ուսանողների, այնպես էլ այլ երկրներից ԵՊԲՀ-ում սովորողների համար իրականացնել կրթական ծրագրեր»-ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Արցախի գիտական և կլինիկական հատվածների համագործակցությունը վաղուց իրականություն է:

Նմանատիպ նյութեր