5312 դիտում
09:40 31-10-2019
Վարչապետին սպասարկող օդանավը դեռ 5 տարի կարող է սպասարկել, բայց որոշել են՝ նորը գնել 55 մլն դոլարով․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլևս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը:
Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող և նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, և գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով և 15 տարուց ավելի։ Այս և ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում:
«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաև՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Աղաջանյանը, սակայն, այսօր չի խոստովանել, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, այդուհանդերձ, բավականին լավ վիճակում է և դեռ ունակ է սպասարկել 5 և ավելի տարիներ, և խնդիրը, ըստ էության, վարչապետի անվտանգությունն ապահովելու կամ, ինչպես մատուցվում է՝ օպտիմալության մեջ չէ։ Իրականում վարչապետն ընդամենը ճոխության հանդեպ իր անզուսպ մղումով որոշել է գումարներ փոշիացնել՝ ինչպես օդանավի գնման, ամիսներ առաջ շուրջ 2 մլն դոլարով Կոնդում տեղակայված կառավարական ամառանոցը վերանորոգելու (որը տարիներ առաջ վերանորոգվել էր ոչ պետական միջոցների հաշվին), այնպես էլ՝ 540 հազար դոլարով «Mercedes-Benz» S դասի S 600 մոդելի ամբողջությամբ զրահապատ երկու ավտոմեքենա ձեռք բերել:
Նշենք, որ այս մասին մամուլի հրապարակումներին այսօր Էդուարդ Աղաջանյանը հերքող տեղեկություն չի կարողացել հաղորդել, իսկ պարզաբանումի համար ասել է, որ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ վստահ չէ՝ ներկայացուցչական ծախսերի մասով թույլատրելի՞ է տվյալներ հանրայնացնել, թե՞ ոչ:
Վերադառնալով ինքնաթիռի ձեռքբերման թեմային՝ նշենք, որ կառավարության օղակներից ոլորտին քաջածանոթ պաշտոնյան, ով հասկանալի պատճառով չցանկացավ իր անունը հրապարակայնացնել, հուշում է հետևյալը.
«Իմիջիայլոց, A 380-ն արժե 450 մլն դոլար, հատուկ սարքավորմամբ` 500 մլն դոլարից ոչ պակաս, Boing 787-ը` 250 մլն, այսինքն՝ առնվազն` 275 մլն դոլար, իսկ Boing 777-ը` 400 մլն դոլար: Որպեսզի պետբյուջեի վրա ծախսը շատ մեծ չլինի, ճիշտ կլիներ և առնվազն ռացիոնալ, որ հայրենի կառավարությունը ձեռք բերեր Boing 787 մոդելը: Ինչ խոսք, կան շատ մոդելներ, որոնք Ատլանտիկը հաղթահարում են հեշտությամբ, բայց դրանք հին մոդելներ են` A 310, A 333, Boing 767 կամ IL 96-ը, որը, ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է սպասարկում:
Մի ուշագրավ տեղեկություն ևս՝ Իլ 96 մոդելի օդանավի արժեքը տատանվում է 140 մլն-ի սահմաններում, հատուկ սարքավորման դեպքում մի փոքր ավելի՝ շուրջ 150 մլն դոլար, սա համարժեք է 10 մլրդ ռուբլուն: Բայց իմ կարծիքով՝ փոքր կգնեն` Golfstream, private jet տարբերակով, կամ այդ տիպի` իր և ընտանիքի համար, կամ` մաքսիմում 25-30 տեղանոց: Դրանց գինը տատանվում է 30-80 մլն դոլարի սահմաններում: Բայց դե՝ դրանց մեջ ջակուզի, սաունա, բան չկա…»:
Ի դեպ, վարչապետի ԱՄՆ կատարած այցը հենց նույն շռնդալից ծախսերի համար շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, երբ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3631 դիտում
14:02 29-04-2016
Նեյմարը նախորդ տարի 9 մլն դոլարով ինքնաթիռ է գնել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը