211652_close_icon
views-count2414 դիտում article-date 14:06 04-11-2019

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը Սիսիան, Կապան և Ախթալա համայնքներում անցկացրել է դաշտային ուսումնավարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը` «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի աջակցությամբ, հոկտեմբերի 29-ին Սիսիան, 30-ին Կապան և նոյեմբերի 1-ին Ախթալա համայնքներում անցկացրեց դաշտային ուսումնավարժանքներ: <<Ուժեղ երկրաշարժի և երկրաշարժի հետևանքով Սպանդարյանի, Գեղիի ջրամբարների պատվարի փլուզման և Նահատակ պոչամբարի երկրորդ դամբայի վնասման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը>> թեմայով դաշտային ուսումնավարժանքները մասնավորապես անցկացվեցին Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան, ինչպես նաև Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց բնակավայրերում: Ուսումավարժանքները իրականացվեցին Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում: Միջոցառումներին մասնակցեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Սյունիքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների, Սիսիանի և Կապանի համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատների, «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Ախթալայի ջոկատի, Սիսիանի, Կապանի և Ախթալայի համայնքային ոստիկանության ծառայողները, Սյունիքի և Լոռու մարզպետարանների, Սիսիանի (Սիսիան, Բալաք, Շաղատ, Ույծ, Որոտնավան), Կապանի և Ախթալայի (Ախթալա, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Շամլուղ, Նեղոց) համայնքապետարանների և բնակավայրերի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի,«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի, Վեոլիա ջուր ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Հայաստանի Էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի, համայնքային բժշկական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական այլ օջախների ներկայացուցիչները, ինչպես նաև ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները: Դաշտային ուսումնավարժանքի նպատակն էր փորձարկել Սիսիան և Կապան համայնքների աղետների ռիսկի կառավարման, Ախթալա համայնքի արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, փորձարկել բնակչության պաշտպանության համակարգում ներառված կառույցների և կազմակերպությունների կողմից նախատեսվող միջոցառումները, կատարելագործել բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ տեխնիկայի, գույքի, հատուկ սարքավորումների և բուժօգնության միջոցների կիրառման գործում արձագանքող ստորաբաժանումների անձնակազմերի հմտությունները, ինչպես նաև կազմակերպել կամավորական խմբերի հետ ներդաշնակ աշխատանքը և ըստ ուժերի նշանակության` գործնական միջոցառումների իրականացումը: Ուսումնավարժանքի ժամանակ գործնականում խաղարկվեցին բնակչության իրազեկման, իրավիճակի գնահատման, բնակչության տարահանման, պետական կառավարման համակարգի տարածքային մարմինների և ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների տարահանման, տեղեկատվության փոխանակման, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման միջանկյալներ: Խաղարկվել են սցենարներ, որոնք նախադեպային էին, մասնավորապես՝ տարահանվեցին ջրամբարի պատվարի փլուզման դեպքում հավանական ջրածածկման գոտում գտնվող պետական կառավարման համակարգի տարածքային մարմինները և ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինը և մի շարք կրթական օջախները: Հավանական ջրածածկման գոտուց տարահանումը իրականացվեց արձագանքման պլաններով սահմանված ժամանակահատվածում: Տարահանման համար ամենամոտ անվտանգ գոտիները գտնվում էին 800 մետր հեռավորության վրա: Ուսումնավարժանքից ակնկալվող արդյունքն էր Սիսիան, Կապան, և Ախթալա համայնքների բնակչության պաշտպանության համակարգի բոլոր հնարավոր շահառուների և թիրախային խմբերի միջև արդյունավետ համագործակցության և բնակչության պաշտպանության կազմակերպման դերակատարների գիտելիքային և գործառնական հմտությունների բարձրացումը, ինչպես նաև համայնքային արձագանքման պլաններով նախատեսված բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակահատվածների ճշգրտումը: ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները և համակարգող խմբի անդամները ամփոփելով դաշտային ուսումնավարժանքի արդյունքները, բարձր գնահատեցին բոլոր կողմերի ջանքերը դաշտային ուսումնավարժանքները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր