211652_close_icon
views-count1840 դիտում article-date 13:56 21-11-2019

Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության կրտսեր դիվանագետները

Նոյեմբերի 21-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է դիվանագիտական դպրոցի առաջարկած ծրագրի շրջանակում ապագա դիվանագետների ամենամյա այցն Արցախ՝ միասնական հայրենիքի ճանաչման, տեղեկացվածության բարձրացման, միջազգային հարթակներում Արցախի շահը պաշտպանելու և համազգային խնդիրներին սեփական մասնակցությամբ օգտակար լինելու առումով: Աշոտ Ղուլյանը նաև շոնրհավորել է ներկաներին դիվանագիտական դպրոցի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը արտաքին քաղաքականության ասպարեզում կադրերի պատրաստման գործում: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների: Աշոտ Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:

Նմանատիպ նյութեր