211652_close_icon
views-count11077 դիտում article-date 21:51 23-11-2019

Լրագրող Էդգար Էլբակյանը կիսվել է Ադրբեջան կատարած այցի տպավորություններով

Լրագրող Էդգար Էլբակյանը, որը մի խումբ գործընկերների հետ այցելել էր Ադրբեջան, իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հարևան երկիր կատարած այցի տպավորություններով: «… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։ • Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ. մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ Ես ներկայացնում էի արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսությունի հեռուստամեկնաբան։ • Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։ •Այս լուսանկարում Բաքվի հին քաղաքում եմ (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ (12-րդ դար)։ Հ.Գ. Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»:

Նմանատիպ նյութեր