211652_close_icon
views-count1244 դիտում article-date 14:13 05-12-2019

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանով առաջարկվում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը: Ներկայում համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խմ առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո գրեթե ամեն տարի կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խմ ջուր է վերցվել: Պատգամավորն առաջարկում է, որ 170 մլն խմ-ն լինի վերին սահման, կառավարության կողմից դրանից ավել ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին: Կարապետյանը շեշտել էր՝ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար: Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենքի նախագծում փոփոխություն է կատարվել, ըստ որի, եթե կառավարությունը երաշտ կհայտարարի, ապա կկարողանա նշված քանակից ավելի ջրառ կատարել Սևանա լճից: Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում ստացել էր 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր