80684 դիտում
09:11 18-12-2019
Ալիևը ստորագրել է «սև հունվարի» ծրագիրը. հայկական բանակը պատրաստ է, կիբերտիրույթը՝ ոչ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իլհամ Ալիևը ստորագրել է հունվարի 20-ի՝ «ողբերգական դեպքերի 30-ամյակի» միջոցառումների ծրագիրը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: 1990թ. հունվարյան դեպքերը կոչելով ողբերգություն Ադրբեջանի համար՝ նշում են, որ պաշտոնապես որոշվել է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել Ադրբեջանի տարածքում և դրանից դուրս:
Տասնամյակների հայկական փորձը վկայում է, որ Ադրբեջանը ոչ միայն հունվարի 20-ին, այլև՝ «սև հունվար»-ի տրամաբանության շրջանակում գրեթե ողջ ամսվա ընթացքում հարձակողական գործողություններ է իրականացնում թե շփման գծում և թե կիբերտիրույթում:
«Կստորագրեն պլան, թե չեն ստորագրի, մեզ համար նշանակություն չունի: Հայկական բանակը պատրաստ է ցանկացած պահի ցանկացած զարգացման: Մենք հաշվի ենք առնում իրավիճակի ցանկացած զարգացում՝ վատագույնից մինչև ամենադրականը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Կիբերտիրույթում, սակայն, ընդգրկուն պաշտպանություն չկա: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ԱԱԾ-ի կիբերմասնագետների խումբը պաշտպանում է պետական հատվածը, Կենտրոնական բանկն է ստեղծում մի մարմին, որ բանկային-ֆինանսական ոլորտն է պաշտպանելու, իսկ մնացած ամբողջ տիրույթն անպաշտպան է:
«Ցավոք սրտի, Հայաստանում չկան առանձին ոլորտային կիբերպաշտպանության խմբեր: Մի նոր նախագիծ կա, որ մենք ենք անում՝ ընկերներով, Civicert, որը լրագրողների և իրավապաշտպանների վրա հարձակումներից պաշտպանելու համար է:
Նախատեսում ենք նաև դասընթաց, որ պատրաստ լինենք թե հունվարի 20-ի վտանգներին և թե առհասարակ, իսկ մնացածը բաց է»:
Մեդիափորձագետի խոսքով՝ տեսականորեն Հայաստանը պիտի ունենար կիբերանվտանգության ազգային կամ պետական կենտրոն, որն այդ ամենը կկարգավորեր: «Օրինակ, Ադրբեջանը դա ունի: Մեզ մոտ տարիներ շարունակ այս ամենի շուրջ քննարկումներ են միայն: Դրա համար էլ ասել, թե ինչ վիճակում է կիբերտիրույթը, հնարավոր չէ, քանի որ չկա այն մարմինը, որ կարող է գնահատել իրավիճակը»,- նշեց նա:
Տարիներ շարունակ կիբերհարձակումներ եղել են թե կայքերի և թե անհատների հաշիվների վրա: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պաշտպանությունը հնարավոր է միայն մարդկանց իրազեկելով՝ կամ դպրոցական ծրագրերով (դա մեզ մոտ լրիվ բաց է), կամ պետական մակարդակով կազմակերպվող հանրային լայն իրազեկման ծրագրերով (դրանք ևս մեզ մոտ չկան): «Մնում է՝ մարդիկ իրար ֆեյսբուքով բացատրեն: Մեր կիբերանվտանգությունը հեքիմության մակարդակում է»,- ասաց նա:
Ինչպես չդառնալ թիրախ հարցին ի պատասխան Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ադրբեջանցիները սովորաբար նույն ձևով են գործում, բարդ բան չկա: «Դուք ստանում եք նամակ՝ ֆեյսբուքի, ինստագրամի կամ ձեր էլեկտրոնային փոստի պրովայդերի՝ Gmail-ի կամ Mail.ru-ի անունից, որտեղ գրված է լինում, թե Ձեր հաշիվն արգելափակվելու է 24 ժամվա ընթացքում կամ հարձակման տակ է գտնվում, կամ որ Դուք հավատարիմ հաճախորդ եք՝ այֆոն եք ստանում, կամ Ձեզ տալիս ենք այն կապույտ նշանը, որ Դուք ստուգված օգտատեր եք: Այսինքն, հիմնականում աշխատում են կամ շատ լավ ինչ-որ ինֆորմացիայով կամ վախեցնելով: Եվ ասում են, որպեսզի չլինի այս վատ բանը կամ որպեսզի լինի այս լավ բանը, պիտի գնաս այս հղումով և լրացնես այս հարցաթերթիկը: Եվ մարդիկ լրացնում են իրենց տվյալները՝ փաստացի նվիրելով գաղտնաբառը»: Մարտիրոսյանը ընդգծեց, որ եթե մարդը ուշադիր լինի, չի կորցնի գաղտնաբառը, և եթե ինքն իր գաղտնաբառը չի օգտագործում որտեղ ասես, պաշտպանված կլինի: «Եթե այս պարզ կանոնին հետևեն, տասը դեպքից ութը չի լինի»,- նշեց մեդիափորձագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
35650 դիտում
09:13 14-09-2019
Ձմեռային զորակոչն տեղի կունենա ոչ թե հունվարի 1-ից 31-ը, այլ դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 31-ը․ «Ժամանակ»
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1111 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
766 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»