«Ո՞վ է խլում 14.5 միլիոն դոլարով», կամ ինչո՞ւ ՄԻԵԴ-ը վարույթ չընդունեց Սուքիասյանի դիմումը. 168.am
Դեկտեմբերի 2-ին Կոտայքի մարզում գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ «Բջնի» հանքային ջրերի գործարանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից խլվել է անօրինական, և ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով:
«Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»,- մասնավորապես ասել էր նա:
[url=https://168.am/2019/12/21/1226835.html?fbclid=IwAR0Ta9w7iIzFT6vxXwgPQlvcmOmkcFoFBZqgSMJNx5Y_-y6hR5ZaAjBewsU]168.am[/url]-ը փաստաբան Արտաշես Կակոյանից, ով քաջատեղյակ է «Բջնի» գործարանի հետ կապված իրավական բոլոր գործընթացներից, փորձեց տեղեկանալ, թե, ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2008-2009թթ.:
«2008թ. հարկային մարմինները «Բջնի» հանքային ջրերի գործարանի վրա ակտ են գրել, որն իր մեջ ունեցել է բնօգտագործման վճարի հետ կապված մաս: Իրենք 2009թ. դա վիճարկել են, պահանջել են այդ ակտն առոչինչ ճանաչել, ինչը չի բավարարվել: Դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հետո, բնականաբար, քանի որ ընկերությունը չի վճարել, սկսվել է սնանկության վարույթ, դրա շրջանակներում գույքը գնահատվել է, դրվել է աճուրդի»,- ասաց Արտաշես Կակոյանը՝ հավելելով, որ տեղի է ունեցել մեկ աճուրդ, որի ընթացքում չի վաճառվել գույքը:
Դրան հետևել է «Ռոյալ Արմենիա սիգարետ» ընկերության (Ռ. Հայրապետյանին պատկանող ընկերությունը, որը գնել էր «Բջնին», ապա՝ վերանվանվել) ուղղակի առաջարկը՝ գույքը իրեն վաճառել գնահատված գնով, և պարտատերերի ժողովում որոշված կարգով, պայմաններով, գնով այն վաճառվել է նշված ընկերությանը:
«Ընդ որում, մի շատ կարևոր հանգամանք էլ նշեմ: Որքան հիշում եմ, 5 մասնաբաժնով, որից առաջինը՝ 500 միլիոն դրամ, մյուսները՝ 950 միլիոն, ողջ գումարը վճարվել է: Ժամանակացույց էր նշանակվել, և բոլոր մասնաբաժինները փոխանցումով վճարվել են ժամկետից շուտ: Դա կազմել է 4 միլիարդ և 300 միլիոն դրամ գումար: Այսինքն՝ այն ժամանակվա համար բավականին թանկ, մոտ 14.5 միլիոն դոլար գումարով է Ռուբեն Հայրապետյանը գնել գործարանը»,- ասաց իրավաբանը:
Ըստ Արտաշես Կակոյանի՝ երբ 2008թ. սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, իսկ գույքը գնահատողները, ըստ երևույթին, այն գնահատել էին նախկին տնտեսական վերելքի ազդեցության տակ, միևնույն է, Ռուբեն Հայրապետյանը, այն վիճակով, որով ձեռք բերեց այդ գործարանը, վճարեց ժամանակի համար բավականին բարձր՝ 14.5 միլիոն դոլար գին:
«Ո՞վ է խլում 14.5 միլիոն դոլարով: Անհասկանալի հայտարարություն է անում Խաչատուր Սուքիասյանը: Խլելու վերաբերյալ մի ևս շատ կարևոր խնդրի եմ ուզում անդրադառնալ: Սնանկության վարույթի ընթացքում նախ իրենք կարող էին նույն գինը վճարել, սնանկությունն ավարտել, և գույքը չէր կորչի: Այդ հնարավորությունը կար: Բացի դրանից, երբ տեղի է ունեցել աճուրդ, որին ոչ ոք չի մասնակցել, կարող էին իրենց կամ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով իրենք մասնակցել աճուրդին և լինելով միակ մասնակից՝ իրենք էլ ձեռք կբերեին նշված գույքը»,- ասաց Արտաշես Կակոյանը:
Ըստ էության վաճառքի միակ առաջարկ, ըստ իրավաբանի, արել է «Ռոյալ Արմենիա սիգարետ» ընկերությունը:
Մանրամասները՝ [url=https://168.am/2019/12/21/1226835.html?fbclid=IwAR0Ta9w7iIzFT6vxXwgPQlvcmOmkcFoFBZqgSMJNx5Y_-y6hR5ZaAjBewsU]168.am[/url]-ում