211652_close_icon
views-count4884 դիտում article-date 09:49 30-01-2020

Պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից․ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ․ ռուս փորձագետ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ ««Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած որոշ մտքերի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ սեփական հայտարարությունները, որ արել էր ընդդիմություն եղած ժամանակ, թե Ապրիլյան պատերազմը եղել է ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների արդյունքում: Հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հարց տրվեց այն մասին, թե արդյո՞ք ինքն այժմ համաձայն է 2016 թվականին արած այն հայտարարության հետ, որ ապրիլյան իրադարձությունները տեղի են ունեցել Ռուսաստանի գիտությամբ: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այդ ժամանակվա հայտարարությունները հիմա էլ անխաթար իր ֆեյսբուքյան էջում են: Նրա խոսքով՝ ինքը ռուս գործընկերներ հետ քննարկել է հայ հանրությանը հուզող հարցերը: «Եվ ես անչափ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, գործընկերային, դաշնակցային մթնոլորտում մանրամասն քննարկել են, իրավիճակը վերլուծել և փոխադարձաբար պատասխաններ ստացել մեզ անհրաժեշտ հարցերին»,- հայտարարել է վարչապետը: Հստակեցնող հարցին՝ արդյոք հիմա՞ էլ է այդպես մտածում, Փաշինյանը պատասխանել է. «Ես ձեր հարցին պատասխանեցի»: Ի պատասխան այն հարցին՝ փաստեր ունեցե՞լ է, երբ այդպիսի հայտարարություն է արել, Փաշինյանը դրական ենթադրող պատասխան է տվել և կրկին հիշեցրել ռուսաստանցի գործընկերների հետ ձայնագրության և քննարկումների մասին: «Ընդհանրապես միջազգային հարաբերություններում առաջնորդվում եմ առավելագույն հստակ գործընկերային հարաբերությունների միջազգային սկզբունքով և շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին ու ԵՏՄ գործընկերներին, որ նրանց համար այդ մոտեցումն ընդունելի է»,- նշել է Փաշինյանը: Տրոֆիմչուկն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ կերպով ասում է այն մասին, որ ներկայումս ևս չի հրաժարվում սեփական հայտարարություններից, որոնք արել էր մինչ իշխանության գալը: Փորձագետի կարծիքով՝ դա վերաբերում է Փաշինյանի բոլոր թեզերին, այլ ոչ միայն արտահայտություններին, որոնք վերաբերում են 2016 թվականի Ապրիլյան պատերազմին: Տրոֆիմչուկի խոսքով՝ նա չի փոխել իր տեսակետները, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, դա վատ չէ, բայց Մոսկվայի համար դժվար է համարել լավ: «Այդ պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից, ինչպես նախկինի նման պնդում է Փաշինյանը: Չէ՞ որ ինքը՝ Փաշինյանը, այն ժամանակ իշխանության ղեկին չէր, իսկ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ, որպեսզի թույլ տար նման, մեղմ ասած, իրադարձությունների տարօրինակ զարգացում: Բայց գլխավորն այն է, որ նաև ՌԴ պաշտոնական ներկայացուցիչներն են դա մշտապես ընդգծում, որ ղարաբաղյան հակամարտությունը միմիայն երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է: Ուստի, թե ով է այնտեղ առաջինը հարվածել հակառակորդին՝ թող որոշեն վերահսկող միջազգային կառույցները, որոնք մինչ այժմ որևէ լուրջ պատասխան չեն տվել այդ հարցին: Ու թող Նիկոլ Փաշինյանն էլ նրանց դիմի: Այլապես ուղիղ սադրանք է թվում հենց իր այդ հայտարարությունը, որը նա արեց Կապանում: Մոսկվան պետք է ինչ-որ կերպ այն հաշվի առնի»,- ասաց ռուս վերլուծաբանը: Վերջինս ՀՀ վարչապետին նաև հիշեցրեց, որ հենց այն պահին, երբ Ղարաբաղում բռնկվեց «ապրիլը», Բաքվում էր մեծ և բավականին ներկայացուցչական ռուս հասարակական-քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակություն: «Ռուսաստանը պետք է խելագար լիներ, որպեսզի հենց այդ պահին «նախաձեռներ» մի բան, որից խոսում է Փաշինյանը՝ «քաշելով» և՛ նրանց, և՛ Ադրբեջանին, և՛ իրեն»,- ասաց վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ ՀՀ բարձր ղեկավարության նման հայտարարությունները չեն նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը: Ավելին, ըստ Տրոֆիմչուկի, դրանք ազատում են այն արտաքին ու տարածաշրջանից հեռու գտնվող ուժերի «ձեռքերը», որոնք իսկապես կցանկանային այնտեղ սադրել նոր պատերազմ, ուղիղ կերպով բախման հասցնելով և՛ Մոսկվային, և՛ Երևանին, և՛ Բաքվին: «Վստահ եմ, որ ինքը՝ Փաշինյանը, հիանալի կերպով հասկանում է, ամեն դեպքում նա անում է նմանատիպ հայտարարություն, որն ինքնին նշանակալի է: Նիկոլ Վովաևիչը մնում է նույն ընդդիմադիրը: Ընդդիմադիր՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, և դա ներկայումս կոչվում է, նույն Փաշինյանի խոսքերով, «առավելագույն պարզ գործընկերային հարաբերություններ»: Փաշինյանն այդ մասին ասում է հենց ներկայումս, քանի որ նա ԼՂ հակամարտության իրադարձությունների հետագա զարգացման սեփական պլանն ունի, և, թե ո՞ւմ հետ է նա դա համաձայնեցնում, դեռ լիովին պարզ չէ: Բայց որ Մոսկվայի հետ չէ՝ դա հաստատ է»,- ասաց Տրոֆիմչուկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր