3691 դիտում
09:23 02-11-2019
Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ ռուսական ռազմակայանի դուրսբերման կուրս․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկման փաստին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան կրկնապատկել է մարտունակությունը։ Այս մասին բազայի հրամանատար Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել էր իր վերադասին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, երբ վերջինս այցելել էր բազա։ Նա զեկուցել էր, որ մարտունակության շեշտակի աճը գրանցվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ավելի նոր տարբերակներով փոխարինումից հետո։ Նշենք, որ ռազմաբազան Հայաստանում ծառայություն է իրականացնում միջպետական պայմանագրով՝ մինչև 2044 թվականը։ Այն մտնում է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մեջ՝ հայկական բանակի զորամիավորումներից մեկի հետ։
Բազան զինված է «Սմերչ» հրթիռային համակարգերով, տանկերով, այլ զրահատեխնիկայով, հակաօդային պաշտպանության սպառազինությամբ։ Դրա կազմի մեջ է մտնում է նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն խումբը՝ կործանիչ ինքնաթիռներով ու հարվածային ուղղաթիռներով։
Մոդեստ Կոլերովի կարծիքով, անկախ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայի մարտունակության կրկնապատկման փաստից, ՀՀ գործող իշխանությունների գործունեության հեռանկարում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու ծրագիր հնարավոր է: Ըստ նրա՝ բազայի ներուժի կրկնապատկումը նշանակում է, որ Ռուսաստանը հավատում է, որ Հայաստանի իշխանությունների ղեկին լինելու է ազգային պատասխանատվություն ունեցող և գործընկերային իշխանություն:
«Ժամանակավորների իշխանությունը վաղ թե ուշ կավարտվի: Հիանալի հարաբերություններ ունենալով Ադրբեջանի հետ, ներկայումս ժամանակավորապես հիանալի հարաբերություններ ունենալով Թուրքիայի հետ՝ Ռուսաստանը մտածում է վաղվա սպառնալիքների մասին, և դա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս իշխանությունը չի վանում ՌԴ-ին Հայաստանից և ստիպում է մտածել ապագայի մասին: Բայց ես կրկին ասեմ, որ Փաշինյանի կառավարությունից ակնկալում եմ բազայի դուրսբերման կուրս»,- ասաց Կոլերովը:
Մեր հարցին, թե նման կուրս վարելու հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կհամաձայնեի՞ն բազայի ներուժի կրկնապատկմանը, Կոլերովը պատասխանեց. «Համաձայնություն Փաշինյանի մակարդակով չկա, համաձայնությունը դեռ միայն ՀՀ ՊՆ-ի մակարդակով է: Այստեղ նրբություն կա: Սա երկու գերատեսչությունների պատրաստակամությունն է, դա Փաշինյանի գաղափարը չէ, դա ՀՀ ՊՆ-ն է: Ըստ իս՝ նրանք վախով են սպասելու այն բանին, թե կաջակցի՞ արդյոք Փաշինյանն այս նախաձեռնությանը, թե՞ ոչ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4884 դիտում
09:49 30-01-2020
Պատերազմը չի հրահրվել Ռուսաստանի կողմից․ Սարգսյանի դեմ ռուսական կողմը ոչինչ չուներ․ ռուս փորձագետ․ «168 ժամ»
18046 դիտում
08:38 16-12-2017
Հայաստանում հակառուսականության համար կան պատճառներ. ռուս փորձագետ. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը