211652_close_icon
views-count3091 դիտում article-date 10:37 08-02-2020

Ատելության ծուղակը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլերի «Դա պատահել է Վիշիում» պիեսի գործողությունները ծավալվում են նացիստների կողմից օկուպացված Ֆրանիսայում: Մի խումբ տղամարդկանց ձերբակալել են՝ ռասսայական պատկանելությունը ստուգելու համար, ավելի ստույգ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց մեջ հրեաներ կան: Եվ ահա գերմանացի ազնվական ֆոն Բերգը բողոքում է իր տան սպասավորներից, թե որքան են նրանք հիացած Հիտլերով, ինչպես են կանայք սիրահարված նրան, տեսնում են նրան երազում և այլն: Իսկ քիչ հետո հարցնում է՝ մի՞թե հնարավոր չէ լինել գերմանացի և չատել մնացած ժողովուրդներին: Բայց խնդիրը, եզրահանգում է ֆոն Բերգը, ոչ թե գերմանացի լինելն է, խնդիրն այդ մարդկանց դատարկության մեջ է, որը նրանք լցնում են ատելությամբ: Կար այդպիսի դրվագ Գերմանիայի պատմության մեջ: Կարծում եմ, ոչ ոք չի կարող ասել, որ գերմանացի ժողովուրդն արժանի չէ ամենայն հարգանքի: Պարզապես պատմության ինչ-որ մի հատվածում գերմանացիների մեծամասնությունն ընկել էր ատելության ծուղակի մեջ, որից դուրս գալը մեծ ջանքեր և զոհեր պահանջեց: Նացիստական բնազդների սրացումը գերմանացիների մոտ, իհարկե, արտառոց դեպք էր: Բայց բազմաթիվ այլ ազգերի մեծամասնության ներկայացուցիչներն ավելի սովորական իրավիճակներում իրենց, մեղմ ասած, սխալ են պահել: Օրինակ, մինչև 1960-ակաները, կամ նույնիսկ՝ ավելի ուշ, ԱՄՆ սպիտակամորթ քաղաքացիները պահանջում էին, որ հանրային տրանսպորտում սևամորթները նրանց տեղ զիջեն: Ի՞նչ է՝ ամերիկացիները վա՞տ ազգ են: Ատելությունը, նախանձը, խանդը լատենտ վիճակում կա ամեն մի մարդու, ամեն մի ազգի մեջ: Ինչպես և սերը, մեծահոգությունը, կարեկցանքը: Նայած թե ինչն ենք ուզում արթնացնել ինչպես մեր, այնպես էլ ուրիշների հոգում: Սովորաբար քաղաքական գործիչներին ձեռնտու է բացասական կրքեր արթնացնելը, որովհետև ատելությունից կուրացած մարդկանց ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել (այդ չափազանց մոդայիկ արտահայտությունը տվյալ դեպքում կարելի է թարգմանել որպես «մատների վրա խաղացնել»): Բայց նման ձևով են վարվում ոչ բոլոր քաղաքական գործիչները: Նելսոն Մանդելան, որը 27 տարի անցկացրել էր անազատության մեջ, բանտից դուրս գալուց հետո հրավիրեց իր բանտապաններին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու իր երդմնակալության արարողությանը: Բացի դրանից, նա իրեն մեղադրող դատախազին հրավիրեց ճաշի, իսկ ապարտեիդի կազմակերպիչների կանանց և այրիներին՝ թեյի: Մանդելան գիտակցում էր, որ ապարտեիդը խորը հետքեր է թողել հասարակության մեջ, և ատելությունն ու վրեժխնդրությունը կհանգեցնեն համընդհանուր տապալման: Գիտակցելու համար հեռատեսություն է պետք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր