211652_close_icon
views-count777 դիտում article-date 15:37 08-04-2020

Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում. նախաձեռնվել են ապօրինի օտարված գույքը պետությանը և համայնքներին վերադարձնելու իրավական գործընթացներ

2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, որոնց արդյունքում պարզվել են այս ոլորտում հանցավոր կոռուպցիոն սխեմայի գործողության բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ շատ դեպքերում առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. N ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել բազմաթիվ պետական գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն իրականացրել է այդ գույքերի գնահատումներ, որոնցով ներկայացված արժեքների հիման վրա դրանք օտարվել են: Հետագայում կատարվել է նշված գույքերի՝ գնահատման և օտարման ժամանակահատվածի դրությամբ շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց շուկայական արժեքը նշված ժամանակահատվածի դրությամբ սկզբնական գնահատված արժեքից եղել է մի քանի անգամ ավել: Այդ ՍՊԸ-ի կողմից անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես, որպես կանոն, գնահատման եզրակացությունները կազմվել են առանց պարտադիր պահանջ հանդիսացող՝ գնահատող մասնագետի, գնահատում իրականացնող ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրության: Որոշ դեպքերում եզրակացությունը կազմվել է առանց տեղազննության կատարման, իսկ գույքի շուկայական արժեքը որոշվել է սխալ, ոչ համադրելի ելակետային տվյալների հիման վրա: Առանձին դեպքերում հաշվի չի առնվել գույքերի նպատակային նշանակությունը, մակերեսը, այլ առանձնահատկություններ: Նման կեղծ տվյալներ պարունակող եզրակացություններով պետական սեփականություն հանդիսացող գույքի իրական արժեքները նվազեցվել է 2-3 անգամ: Արդյունքում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և օտարվել են հավանական շուկայական արժեքից մի քանի անգամ պակաս գնով: Ընդ որում՝ որոշ դեպքերում, երբ գույքի իրական արժեքը գերազանցել է 50մլն դրամը, նման նվազեցումների միջոցով կեղծ հիմքեր են ստեղծվել շրջանցելու ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշումը, որով սահմանվում է, որ նման դեպքում անշարժ գույքը պետք է օտարվի ՀՀ կառավարության որոշման հիման վրա: Դրա հետևանքով գույքերն օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանի հիման վրա: 2019թ. և 2020թ. առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրությունների, հարուցված քրեական վարույթների արդյունքներով նշված նմանատիպ փաստերի, նաև գույքի պահպանության, վարձակալության տրման գործընթացներում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ հարուցվել է ընդհանուր առմամբ 27 քրեական գործ՝ հիմնականում համապատասխան իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով: Չնայած քրեական գործերը գտնվում են քննության տարբեր փուլերում, սակայն արդեն իսկ հաստատված փաստերով նշված ժամանակահատվածում դատախազության և քննչական մարմինների կողմից համակարգված ձևով իրավական գործընթացներ են նախաձեռնվել հանցավոր ճանապարհով օտարված գույքն իրական սեփականատերերին՝ պետությանը կամ համայքներին վերադարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, մեկ քրեական գործով հաստատված հանգամանքերի արդյունքում ՀՀ դատախազության կողմից 3 հայց է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան՝ Ծաղկաձորում ընդհանուր 47,5 հա հատուկ պահպանվող տարածք հանդիսացող հողամասերի թվով 25 աճուրդ և դրանից հետո կնքված պայմանագրերը, կատարված պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջով: Հայցադիմումներն ընդունվել են վարույթ, դատախազության միջնորդությամբ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է վեճի առարկա հանդիսացող հողամասերի վերաբերյալ կատարել գույքերի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության հանգեցնող որևէ գործողություն: Բացի այդ, այլ գործով հաստատված հանգամանքների արդյունքում ՀՀ դատախազության կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի կողմից 2008թ. ընդունված վարչական ակտերը վերացնելու, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը, իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով: Դրանով ակնկալվում է «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած հողամասի մասը կազմող, հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում գտնվող 10000 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որը ներկայումս պատկանում է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին, հետ վերադարձնել պետությանը: 3 դեպքով էլ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին։ Մասնավորապես, դատախազության ուսումնասիրության արդյունքում հարուցված և վարույթը վաղեմության հիմքով կարճված մի քրեական գործով նախաքննական մարմինը 2019թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկել է ձեռնարկել Հրազդան համայնքին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված 50.48 հեկտար անշարժ գույքի գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց: Մեկ այլ՝ ՀՀ ՀՔԾ-ում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քննվող քրեական գործով նախարարին ներկայացվել է հաղորդում՝ մի շարք համայնքների ղեկավարների կողմից համայնքներին պատկանող և օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալությամբ տրված անշարժ գույքի միավորներով թվով 40 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ Երրորդ դեպքում, ելնելով քրեական գործով հաստատված հանգամանքներից, նախարարին առաջարկվել է հայց ներկայացնել՝ օտարման ոչ ենթակա Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ընկերությանն օտարելու գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները պետությանը վերադարձնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր