211652_close_icon
views-count3686 դիտում article-date 10:35 14-04-2020

Ելքը մեկն է՝ ստիպել մարդկանց, որ տանը նստեն, սահմանափակել նրանց շփումները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չգիտեմ, կա՞ն արդյոք արտակարգ դրության երկարաձգման հետ կապված իրավական խնդիրներ, բայց բովանդակային առումով 100 տոկոսով վստահ եմ, որ այդ ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելը միակ ճիշտ որոշումն է: Սա այն դեպքերից մեկն է, երբ պետք է կիրառել մի մոդել, որի կողմնակիցն եմ եղել միշտ: Մի կողմից՝ կարծիք, տեղեկատվություն հայտնելու համար մարդկանց պետք է տրվեն լայն (իհարկե, ոչ անսահմանափակ) ազատություններ, և նույնիսկ այս իրավիճակում լրատվամիջոցների հրապարակումներն ու ֆեյսբուքյան գրառումները ոստիկանության միջոցով արգելափակելն ինձ համար անընդունելի է: Մյուս կողմից՝ մարդկանց անվտանգության, առողջության հարցերում անհրաժեշտ է երկաթե կարգապահություն: Անկեղծ լինենք. ցավոք, մենք այն ազգերից չենք, որոնք այդ կարգապահությունը պահպանում են բարձր ինքնագիտակցության շնորհիվ և կամավոր սկզբունքով (մեր տարածաշրջանում նման ազգեր չկան). այստեղ պետք է պետության խիստ միջամտությունը: Մեր ոստիկանությունն այս օրերին պետք է ունենա պարետատան հստակ, մեկնաբանությունների համար տեղ չթողնող ցուցումներ, որոնք պարտավոր է հետևողականորեն կիրառել: Հակառակ դեպքում՝ արդեն անցած շաբաթ նկատվում էր ոստիկանական վերահսկողության թուլացում, իսկ այս շաբաթ, ենթադրում եմ, հայտարարված մեղմացումների «սոուսի տակ», մարդիկ կսկսեն տեղաշարժվել այնպես, ինչպես որ դա անում էին «նախավիրուսային» ժամանակաշրջանում: Երևանի և մարզերի սահմանին ոստիկանական անցակետերը որոշ տեղերում երբեմն գործում էին զուտ ձևականորեն: Մայրաքաղաքում առավել ևս՝ մարդիկ անարգել քայլում էին փողոցներում, և ոչ մի ոստիկան նրանց չէր մոտենում: Այդպես չի կարելի. մարդիկ պետք է հասկանան, որ իրենց այդ վարքով նպաստում են վարակվածների թվի ավելացմանը և, ի վերջո, նաև մահվան դեպքերին: Ոստիկաններն էլ պիտի գիտակցեն, որ «վատություն» և անգամ, թող ներվի ասել՝ «յազվություն» անելով փողոցներում անիմաստ թափառող մարդկանց, իրենք, վերջին հաշվով, կյանքեր են փրկում: Շաբաթներով տանը նստելը ոչ մեկի համար հաճելի չէ: Բայց դրա այլընտրանքը մահաբեր վիրուսի տարածումն է՝ թող ամեն մեկը որոշի, թե ինչն է նրա համար ավելի կարևոր; Իշխանության ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, պետք է գտնեն «ոսկե միջինը»: Մի կողմից՝ չանել հայտարարություններ, որոնք քաղաքացիների մոտ խուճապ կամ դեպրեսիա կառաջացնեն: Մյուս կողմից՝ զգոնությունը թուլացնող լավատեսություն չտարածել, ժամկետներ չնշել, թվերով և աղյուսակներով «լավատեսական մանիպուլյացիաներ» չանել: Եթե իսկապես ցանկություն կա, որ կորոնավիրուսի հետ կապված այդ իրավիճակը որքան հնարավոր է շուտ ավարտվի, ապա դրա ելքը մեկն է՝ ստիպել մարդկանց, որ տանը նստեն, սահմանափակել նրանց շփումները ու պահանջել, որ պահպանեն հիգիենայի կանոնները: Ուրիշ ճանապարհ չկա»: [b]Ամբողջությամբ՝ թերթի ահսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր