211652_close_icon
views-count1017 դիտում article-date 15:50 28-04-2020

Գյումրիի և Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու հմտություններ ոսկերչության և դիզայնի ոլորտներում: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ: Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/ RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և նպատակ ունի շաղկապել նորարարությունները ոսկերչության ավանդական արտադրության հետ՝ օգտագործելով մարզաբնակ երիտասարդների ներուժը: Դասընթացի ընթացքում (նաև առցանց եղանակով), որը կընթանա երկու փուլով, կվերապատրաստվի շուրջ 30 ուսանող: Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին: «Այսօր աշխարհը փոխվում է, և, այդ փոփոխություններին զուգահեռ, երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը», - նշել է Էֆրին Բաղը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է. «Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»: «Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված համաշխարհային կարևորության նորարարական լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար», - ասել է Բագրատ Ենգիբարյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության: «Առաջիկայում կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացների ականատեսը նաև գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում», - նշել է Ավագ Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր