211652_close_icon
views-count4013 դիտում article-date 10:54 04-05-2020

Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել. armenpress.am

Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա: «[url=https://armenpress.am/arm/news/1014156.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը: Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը: Կգործեն միայն տաքսիները։ Հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են: Բացվել է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես բացվել են: Սպորտային օբյեկտների գործունեությունը թույլատրված է՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար: Սահմանափակումների վերացմամբ, սակայն, սպասվում է ավելի խիստ վերահսկողություն: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ մի քանի ուղղություններով մշակվել են ուղեցույցներ, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն: Դրանք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված են կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում: Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատավայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացնեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը: Գործող բացօթյա սրճարաններում, ռեստորաններում մատուցողները պետք է կրեն պաշտպանիչ դիմակ, ձեռնոց: Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված էր մարտի 24-ի ժամը 23:59-ից՝ Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սահմանված էր անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով: Սահմանվել էին բացառություններ՝անձը հաստատող փաստաթղթի և տեղաշարժի թերթիկի առկայության դեպքում: Թույլատրված էր մի քանի տնտեսական գործունեության տեսակների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։

Նմանատիպ նյութեր