3801 դիտում
10:37 08-05-2020
Առանց զանգվածային պատվաստումների համաշխարհային ճգնաժամը չի հանգուցալուծվի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Աշխարհում կարծես թե մրցապայքար է սկսվել, թե ով առաջինը կհայտարարի, որ կարողացել է ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և/կամ դեղամիջոցը: Նման հայտարարությունները մասամբ արվում են նաև ազնիվ նպատակով՝ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց ցույց տալու համար, որ թունելի վերջում լույսի նման ինչ-որ մի բան է երևում: Մասամբ, իհարկե, կա գովազդային բաղադրիչը՝ այսինչ դեղագործական ընկերությունն այնքան բարձր գիտական ներուժ ունի և այնքան արդյունավետ է աշխատում, որ կարողանում է լուծել մարդկությանն այսօր հուզող ամենահրատապ խնդիրը: Եվ բնական է նաև, որ կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմինների «հեղինակ» ընկերությունն աստղաբաշխական շահույթներ կստանա, քանի որ անհրաժեշտ են լինելու միլիոնավոր (եթե ոչ միլիարդավոր) չափաբաժիններ:
Իրենց հաջողությունների մասին պարբերաբար հայտնում են Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Բրիտանիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի գիտնականները: Քանի որ նրանք հեղինակավոր ընկերություններ են ներկայացնում, դժվար թե կասկածներ առաջանան, թե այդ գիտնականները միտումնավոր ցանկանում են մոլորեցնել մարդկությանը: (Թերևս բացառված չէ, որ երբեմն ճոխացնում են իրենց աշխատանքի արդյունքները): Որքան հասկանում եմ, խոսքը արյան պլազմայի սպիտակուցների մասին է, որոնք հանդես են գալիս որպես վիրուսը ճնշող, նրա՝ առողջ բջիջների ներթափանցումը խոչընդոտող հակամարմիններ: Այդ սպիտակուցները կարող են ստացվել թե՛ հիվանդացած-առողջացած մարդու արյունից առանձնացնելով և թե՛ արհեստական սինթեզի միջոցով: Գրելն, ինչ խոսք, հեշտ է՝ իրական արդյունավետ հակամարմիններ ստանալը՝ տիտանական և չափազանց ծախսատար աշխատանք:
Վստահ եմ, որ, ի վերջո, գիտությունը կլուծի այդ խնդիրը: Միայն թե մարդիկ պետք է հասկանան, որ դա խմորի բաղադրատոմս չի, որով կարելի է վաղը մեկ միլիարդ կարկանդակ թխել: Դեղամիջոցի կամ պատվաստանյութի զանգվածային արտադրությունն ունի որոշակի փուլեր, որոնք, հաշվի առնելով հարցի ծայրահեղ հրատապությունը, հնարավոր է արագացնել, բայց անհնարին է շրջանցել: Եթե անգամ պատվաստանյութն ի վիճակի է կանգնեցնել վարակը մկների մոտ, ինչպես որ վերջերս հայտարարել են իտալացիները, դա չի նշանակում, որ այն արդյունավետ ու անվնաս է մարդկանց համար: Այդ փորձարկումները սկսելու համար անհրաժեշտ է անցնել բավականին բարդ ընթացակարգ (այլ կերպ չի էլ կարող լինել՝ մարդու առողջությունը փորձադաշտ չէ): Որոշ տեղերում փորձարկումներն արդեն սկսվել են, բայց հիմնականում ընկերությունները հայտարարում են, որ դեղամիջոցների անվտանգությունը ստուգելուց և դրական արդյունք ստանալուց հետո լայնամասշտաբ փորձարկումները սկսվելու են ամենաշուտը հուլիսից և տևելու են ամիսներ:
Այնպես որ, եկեք այս անգամ հավատանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսությանը և հույս ունենանք, որ մինչև տարվա վերջ սկսվելու են զանգվածային պատվաստումները: Մի բան պարզ է՝ առանց դրա համաշխարհային ճգնաժամը չի հանգուցալուծվի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
965 դիտում
18:22 15-09-2015
ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ. ԱԺ փոխնախագահ
2867 դիտում
10:23 17-10-2018
Առկա ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակը պետք է շտապ հանգուցալուծվի․ Արտակ Զեյնալյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
997 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1081 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»