211652_close_icon
views-count1122 դիտում article-date 11:58 13-05-2020

Արդարադատության նախարարությունը պարզաբանել է Լանզարոտի կոնվենցիայի որոշ դրույթներ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի հայտարարության վերաբերյալ։ Ներկայացնում ենք արդարադատության նախարարության պարզաբանումը․ ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները: Մասնավորապես, այս հոդվածի 1-ին մասի «ա» կետը նախատեսում է, որ յուրաքանչյուր Կողմ քրեականացնում է դիտավորությամբ կատարված այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին։ Կարևոր է արձանագրել, որ վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը՝ անկախ փոխադարձ համաձայնության առկայությանը: Թեև 18-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունները քրեականացնելու համար, սակայն նշենք, որ ըստ Կոնվենցիայի՝ յուրաքանչյուր պետության ներպետական իրավունքով է որոշվում, թե որն է օրենքով սահմանված այն տարիքը՝ այդպիսի գործողություններով զբաղվելու համար։ Այնուհետ, Կոնվենցիայի բացատրական զեկույցի 129-րդ կետում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու անչափահասների միջև փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունների համար, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Ընդ որում, պետությունների հայեցողությանն է թողնված որոշելու, թե ազգային օրենսդրության համաձայն ո՞ր տարիքի երեխան է համարվում «անչափահաս» Ամփոփելով, պետք է ասել, որ Կոնվենցիան միացող որևէ պետության չի սահմանափակում որոշելու այն նվազագույն տարիքը, որից ցածրի դեպքում, անգամ փոխհամաձայնությամբ, անձանց միջև սեռական բնույթի գործողությունները կունենան քրեաիրավական բնույթ։ Ինչ վերաբերում է նկարագրված դեպքին (18 տարին չլրացած անձի կողմից 12 տարեկան անձի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ ունենալու հանցակազմը «հեռանկարային» փոփոխությունների արդյունքում վերացնելուն), ապա հարկ է նշել, որ որ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով։ Սույն հոդվածը երբևէ այնպիսի փոփոխությունների չի ենթարկվել, որոնք կհանգեցնեին քննարկվող արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի՝ 18 տարեկանի փոփոխման։ Պարոն Դանիելյանը, թերևս, նկատի է ունեցել 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածը, ըստ որի, ազատազրկում էր նախատեսված տասնվեց տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար: 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել 2003 թվականին, որից 4 տարի անց է ընդունվել Կոնվենցիան։ Ստորագրման և Վավերացման մասին Նախ պետք է նշել, որ պետությունների համար նախատեսված չէ միջազգային իրավունքից բխող միջազգային պայմանագրերը ստորագրելու, ապա վավերացնելու պարտավորություն։ Միջազգային պայմանագիրը ստորագրել-չստորագրելու, վավերացնել-չվավերացնելու վերաբերյալ որոշումները պետության ինքնիշխանությունից բխող գործողություններ են, որոնց կայացմամբ արտացոլվում է թե՛ փաստաթղթի իրավական գնահատականը և թե՛ բազմաթիվ այլ շահեր՝ քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական, սոցիալական և այլն։ Այդուհանդերձ, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետությունները, որոնք ստորագրել են միջազգային պայմանագիրը, պարտավոր են «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են պայմանագրի առարկայի և նպատակների հետ»: Իսկ ստորագրման պահին ակնհայտ էր, որ Կոնվենցիան ընթադրում է վավերացում։ Կարևոր է արձանագրել, որ Կոնվենցիան ՀՀ կողմից ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին՝ առանց որևէ վերապահման։ Այդ ժամանակ գործող «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի ստորագրման համար իրականացված ներպետական համաձայնեցման գործընթացում ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիք է ներկայացվել ժամանակի թե՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (05.10.2009թ.), և թե Արդարադատության նախարարությունների (19.06.2010թ.) կողմից։ Ուստի, այսօր անկեղծ շնորհակալություն ենք հայտնում նաև այդ օրերի Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարներին Կոնվենցիայի վավերացման գործընթացի սկիզբը դնելու համար»։

Նմանատիպ նյութեր